ՌԴ-ի սահմանած սննդամթերքի ներմուծման արգելքը Լատվիային 55 մլն եվրոյի չափով վնաս կհասցնի. երկրի վարչապետ
Եվրոպական միությունից սննդամթերք ներմուծելու վերաբերյալ Ռուսաստանի սահմանած արգելքը Լատվիային 55 միլիոն եվրոյի վնաս կհասցնի: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Եթե մենք նայենք պատժամիջոցների տակ հայտնված ոլորտներում անցյալ տարվա արտահանման ծավալներին, ապա նախատեսվող վնասները գնահատվում են մոտ 55 միլիոն եվրո: Կեսը կգնա կաթնամթերքի ոլորտ, այն ամենից շատ կտուժի: Չնայած, ինչպես ավելի վաղ հայտարարել է ֆինանսների նախարարը, ընդհանուր առմամբ Լատվիան չի կրի զգալի վնաս: Սակայն առանձին ճյուղերի համար դա ուժեղ հարված կլինի, մասնավորապես՝ կաթնամթերքի ոլորտի»,- ասել է նա Լատվիական հեռուստատեսության եթերում:
Վարչապետի խոսքով՝ Մոսկվայի սահմանած պատժամիջոցները վնաս կհասցնեն նաև հարակից ճյուղերին: «Հաղորդակցության նախարարի խոսքով՝ հարակից ճյուղերում վնասը կարող է կազմել մոտ 20 միլիոն եվրո, դա նաև տարանցիկ ծառայություններն են»,- նշել է Ստրաույուման:
Դա նախնական հաշվարկներն են, ընդգծել է նա: Ավելի կոնկրետ թվեր հայտնի կդառնան մոտ ժամանակներում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս որոշում է կայացրել արգելել և սահմանափակել առնվազն մեկ տարի ժամկետով գյուղատնտեսական մթերքի, հումքի և սննդի ներմուծումն այն երկրներից, որոնք միացել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին:










