ԱՄՆ–ն և Իտալիան Ռուսաստանին սպառնացել են նոր պատժամիջոցներով
ԱՄՆ-ն և Իտալիան հայտարարել են, որ Ռուսաստանը նոր պատժամիջոցների կարող է ենթարկվել՝ Դոնբասին առանց Ուկրաինայի իշխանությունների հետ համաձայնության մարդասիրական օգնություն ցույց տալու պատճառով:
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, այս մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին օգոստոսի 11-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, նախագահը և վարչապետը քննարկել են ստեղծված իրավիճակը և կրկնել, որ «մարդասիրական» օգնության տեսքով ցանկացած միջամտություն պետք է իրականացվի միայն Ուկրաինայի կառավարության պաշտոնական արտահայտված համաձայնությամբ և թույլտվությամբ»,- նշված է հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում:
Օբաման և Ռենցին համաձայնել են, որ ռուսական կողմի ցանկացած քայլ, որը չի համապատասխանում այդ պահանջներին, կլինի «անընդունելի»: Նրանց կարծիքով՝ նման գործողությունները կխախտեն միջազգային իրավունքը և կբերեն հավելյալ պատժամիջոցների:
Զրուցակիցներն անդրադարձել են Ուկրաինական կառավարության ջանքերին, որոնք ուղղված են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և «այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների» միջոցով մարդասիրական օգնություն տրամադրելուն։










