Եվրամիությունը կփորձի համոզել Լատինական Ամերիկային Ռուսաստան մթերքներ չարտահանել. Financial Times

10:43 • 12.08.14

Եվրամիությունը մտադիր է բանակցություններ սկսել Լատինական Ամերիկայի մի շարք երկրների հետ, մասնավորապես՝ Բրազիլիայի և Չիլիի, որոնց ընթացքում կփորձի նրանց համոզել մթերքներ չարտահանել Ռուսաստան, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Financial Times թերթին, որն էլ վկայակոչում է ԵՄ-ում բարձրաստիճան պաշտոնյայի:

 

Բրազիլիայի մոտ 90 նորաբաց մսի գործարաններ հրահանգ են ստացել անմիջապես անցնել տավարի, հավի և խոզի մսի արտահանմանը Ռուսաստանի Դաշնություն, իսկ Չիլին հույս ունի ձկնեղեն արտահանել:

 

Մասնագետներն անհանգստացած են, թե որքանով արդար կլինի, եթե այլ երկրներ գրավեն Եվրամիության, Նորվեգիայի, Ավստրալիայի և Ամերիկայի տեղը ռուսաստանյան շուկայում:

 

Օգոստոսի 7-ին, ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ ուժի մեջ մտած արևմտյան պատժամիջոցների, պաշտոնական Մոսկվան մեկ տարով արգելել է Եվրամիության երկրներից, Նորվեգիայից, Ավստրալիայից և Ամերիկայից ներմուծվող ապրանքների մուտքը: Ռուսաստանն արգելել է հետևյալ սննդամթերքների ներմուծումը ՌԴ տարածք՝ տավարի, խոզի, հավի մսեղեն, ձկնեղեն, բանջարեղեն և մրգեր, կաթնամթերք: