Տորոնտոյի քաղաքապետին սպառնացել են պայթեցնել քաղաքապետարանը, եթե նա հրաժարական չտա
Տորոնտոյի քաղաքապետ (Կանադա) Ռոբ Ֆորդը հաղորդել է, որ էլեկտրոնային փոստով նամակ է ստացել քաղաքապետարանը պայթեցնելու մասին: Դա կարվի, եթե առաջիկա օրերին նա չլքի քաղաքապետի պաշտոնը:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին Ֆորդը հրապարակայնորեն հայտարարել է՝ նախքան ոստիկանություն դիմելը:
Քաղաքապետի խոսքով՝ սպառնալից նամակն ուղարկել են եղբորը՝ քաղաքային խորհրդի անդամ Դուգ Ֆորդին:
Քաղաքապետն այն կարդացել է լրագրողների համար, ինչից հետո շարունակել է քաղաքապետարանում նախատեսված հանդիպումները:
Տորոնտոյի ոստիկանությունը հաղորդել է, որ խուզարկել են քաղաքապետարանի շենքը, սակայն որևէ պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:
Ի դեպ, քաղաքապետը երկամսյա դադարից հետո վերադարձել էր հուլիսի 30-ին՝ թմրանյութերից կախվածությունը հաղթահարելու բուժման կուրսից հետո:










