Օբամայի հասցեին արված քննադատությունը պետք չէ ընդունել որպես անձնական հարձակումներ. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջերս հնչեցրած քննադատություններն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին պետք չէ դիտարկել որպես անձնական հարձակումներ նրա և նրա արտաքին քաղաքականության վրա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Քլինթոնն իր մամուլի խոսնակի միջոցով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Նիկ Մերիլը, Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ, ով այժմ հանգստանում է Մարտաս Վինյարդ կղզում։ Զրույցի պատճառը դարձել է այն, որ Քլինթոնի արտահայտություններն Atlantic պարբերականին տված հարցազրույցում գրավել են ԱՄՆ-ի հասարակության ուշադրությունը։
Քլինթոնը «զանգահարել է նախագահ Օբամային՝ համոզվելու համար, որ նա գիտի՝ իր ասածներից ոչինչ Օբամայի, նրա քաղաքականության վրա հարձակվելու փորձ չէ», նշել է Մերիլը։










