Հնդկաստանը ցանկանում է ազատ առևտրի գոտի ստեղծել Մաքսային միության հետ

18:16 • 13.08.14

Հնդկաստանը բանակցում է Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքելու շուրջ և հույս ունի, որ խոչընդոտները կհաղթահարվեն:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտարարել է Բելառուսում Հնդկաստանի դեսպան Մանոջ Կումար Բհարտին:


Նրա խոսքով՝ բանակցություններ են միաժամանակ ընթանում Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի հետ:

 

«Հնդկաստանը շատ է ցանկանում ստորագրել այդ համաձայնագիրը»,-ասել է դիվանագետը՝ նշելով, որ խոչընդոտներ ստեղծվել են ոչ Հնդկաստանի կողմից: Նա հույս է հայտնել, որ խնդիրները կկարգավորվեն, և Հնդաստանն ու ՄՄ-ի երկրները կկարողանան ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել:

 

Հնդկաստանն ավելի վաղ արդեն հայտնել էր համաձայնագիրը ստորագրելու և Մաքսային միության հետ համագործակցելու ցանկության մասին:

 

Երեկ հայտնի էր դարձել, որ Մաքսային միության երկրները քննարկում են Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը հեշտացնելու է Եգիպտոսից ապրանքների մուտքը ռուսական շուկա: