Լուգանսկում 11-րդ օրն է՝ ամբողջությամբ բացակայում է էներգամատակարարումը
Լուգանսկում (Ուկրաինա) պահպանվում է ծանր դրությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով քաղաքային խորհրդի կայքին:
«Քաղաքում չկա լույս, ջուր, չի աշխատում բջջային և ֆիքսված հեռախոսակապը: Քաղաքում 11-րդ օրն է, ինչ ամբողջությամբ բացակայում է էներգամատակարարումը: Երեկ շրջկենտրոնի տարածքում անջատվել է գազամատակարարումը, սակայն այնուհետև այն վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում:
Քաղաքացիների տեղեկություններով՝ Լուգանսկի շրջաններում շարունակվում են կրակոցները:
Նշվում է, որ վաճառքում կան միայն ամենաանհրաժեշտ ապրանքները, իսկ խանութների մեծ մասը փակ է: Խնդիր կա նաև դեղորայքների հետ կապված, աշխատում է միայն մի քանի դեղատուն: Սակայն քաղաքում շարունակում են հաց թխել:
Քաղաքային խորհրդի համաձայն՝ Լուգանսկում չեն վճարվում կենսաթոշակներն ու աշխատավարձերը, քաղաք չի մատակարարվում դեղորայք, սնունդ և վառելիք:
Նշենք, որ Կիևի իշխանությունները հատուկ գործողություն են անցկացնում Ուկրաինայի հարավ-արևելքում՝ ռուսամետ անջատողականների դեմ:










