Ագրարային համալսարանի դասախոսներն ու ուսանողները՝ ընդդեմ ՕԵԿ-ի կողմից իրականացվող շինարարության

12:26 • 13.08.14

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու դասախոսները այսօր հենց համալսարանի բակում իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ ընդդեմ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից նախկին լաբորատորիայի տարածքում իրականացվող շինարարության: Նրանք ոտքով հրում էին շինհրապարակը շրջապատող ցանկապատը, ինչը փորձում էին կանխել հավաքված ոստիկանները:

 

Կուսակցության և համալսարանի միջև ծագած վեճի պատճառն այն է, որ Կառավարության դեռևս 2007թ որոշումներով համալսարանին ամրակցվել են շենքեր, շինություններ, այդ թվում՝ նաև լաբորատորիայի շենքը, սակայն 2008 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ վիճահարույց տարածքը հատկացվել է ՕԵԿ-ին, կուսակցությունն էլ որոշել է տարածքն օգտագործել:


Ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեն՝ ապացուցելու, որ տարածքը պատկանում է բուհին:


«Իրենք իրավունք չունեն շինարարություն անել, մինչև դատարանի վճիռը: Չկա համապատասխան շինթույլտվությունը, այսինքն՝ շինարարությունը ապօրինի է: Եթե ունեն շինթույլտվություն, թող ներկայացնեն, մենք գիտենք, որ ցանկացած շինարարություն, որ իրականացվում է համապատասխան պաստառներով իրազեկում է լինում, թե որ ընկերությունն է այն անում, ներկայացվում է նաև նախագիծը, կազմակերպության հասցեն և այլն, մինչդեռ այդ ամենը բացակայում է»,-ասաց նա:


Համալսարանականները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին նաև, որ ՕԵԿ-ականները չեն կատարում դատարանի որոշումը: Նշենք, որ օգոստոսի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել` բուհին պատկանող տարածքում արգելելով շինարարական որևէ գործողություն:


Ագրարային համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը նշեց, որ, երբ ՕԵԿ-ը փորձել է ապամոնտաժել տարածքում եղած ավտոտնակի ծածկը, իրենք կուսակցությանը դիմել են խնդրանքով` դադարեցնել ապամոնտաժումը, ինչը ևս հաշվի չի առել կուսակցությունը:


Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ բուհի լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ը կառուցում է «Երևան» հեռուստաընկերության տաղավարները:


Նշենք նաև, որ Ագրարային համալսարանի աշխատակիցները այսօր շինարարությունը դադարեցնելու հերթական պահանջով դիմում- նամակ ուղարկեին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին: