Լեհաստանի ԱԳՆ-ն կանչել է ռուս դեսպանին՝ Ժիրինովսկու հայտարարությունների պատճառով
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը զրույցի է կանչել ռուս դեսպանին՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտություններից հետո: Այդ մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Մարչին Վոյցեխովսկին, գրում է korrespondent.net-ը:
Ավելի վաղ սկանդալներով հայտնի ռուս քաղաքական գործիչը մի քանի աղմկոտ հայտարարություն էր արել, այդ թվում՝ այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն որոշել է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, և Եվրոպան, եթե այն չփոխի իր քաղաքականությունն Ուկրաինայի հանդեպ, կարող է այրվել, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Ժիրինովսկու խոսքով՝ առաջին հերթին կտուժեն Ռուսաստանի մոտ հարևանները, քանի որ այնտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի ռազմաբազաները:
«Մերձբալթյան երկրները և Լեհաստանը դատապարտված են: Նրանք կոչնչացվեն, այնտեղ ոչինչ չի մնա»,- հայտարարել էր Ժիրինովսկին:










