Վրաստանի և Ուկրաինայի նախագահները պայմանավորվել են համակարգել ուժերը միջազգային ասպարեզում
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ուկրաինացի գործընկերոջ՝ Պյոտր Պորոշենկոյի հետ երեկ կայացած հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու երկրի ինքնիշխանությանը, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը:
Վրաստանի նախագահի խոսքով՝ ինքն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, և դրանք նմանեցնում է այն իրադրությանը, որի առաջ կանգնած էր Վրաստանը 2008թ.-ին:
Մարգվելաշվիլին ցավ է հայտնել մեծաթիվ մարդկային կորուստների և հարկադիր տեղահանվածների կապակցությամբ:
Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերություններն ու ընդգծել վրացի և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:
«Նրանք ընդգծել են այն հանգամանքը, որ երկու երկրները համակարգված գործեն միջազգային հարթակում, այդ թվում՝ Ուելսում ՆԱՏО-ի գագաթնաժողովի շրջանակներում: Առաջնորդները կարևորել են երկու ազգերի ազատ ընտրության իրավունքի պաշտպանությունը», - ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:










