ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել են համագործակցել Սիրիային և Իրաքին հումանիտար օգնություն հատկացնելու հարցում

09:15 • 13.08.14

ԱՄՆ-ն և Թուրքիան մտադիր են համագործակցել այն հարցերում, որոնք կապված են Սիրիայի և Իրաքի խաղաղ բնակիչներին հումանիտար օգնություն հատկացնելու հետ։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի գործող վարչապետ, նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ մասին պայմանավորվել են օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, Օբաման զանգահարել է Էրդողանին՝ «երկրի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար»։ Նախագահը նշել է, որ Էրդողանը, ով հաղթել է առաջին ուղիղ նախագահական ընտրություններում, «պատմական հնարավորություն ունի Թուրքիայի հետագա զարգացման համար»։

 

«Նախագահը և վարչապետը նշել են երկու երկրների համագործակցության հնարավորությունը Սիրիայի և Իրաքի և ահաբեկչական սպառնալիքին դիմադրելու հարցում»,- նշվում է հաղորդագրությունում։