Մալայզիական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը պատրաստ կլինի սեպտեմբերին
Դոնեցկում հուլիսի 17-ին մալայզիական ինքնաթիռի կործանման միջազգային հետաքննության նախնական արդյունքները պատրաստ կլինեն սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը:
Զեկույցում տեղեկություններ են լինելու տարբեր աղբյուրներից, ներառվելու են «սև արկղերի» տվյալները, դիսպետչերական ծառայության, ռադիոտեղորոշիչ կայանի ցուցմունքներն ու արբանյակային լուսանկարները, ինչպես նաև դեպքի վայրում եղած միջազգային փորձագետների տվյալները:
Զեկույցի հրապարակումից հետո Նիդեռլանդների անվտանգության խորհուրդը կզբաղվի ինքնաթիռի կործանման մասին վերջնական փաստաթղթի կազմման աշխատանքներով: Դրա համար կարող են ամիսներ պահանջվել:
Վերջնական զեկույցն ուղարկվելու է բոլոր այն երկրներին, որոնք կապ են ունեցել միջադեպի հետ, որոնք էլ 60 օրվա ընթացքում պետք է մեկնաբանություններ տան:
Խորհուրդը պետք է պարզի ինքնաթիռի կործանման պատճառը, սակայն մեղավոր ճանաչելու կամ պատասխանատվության ենթարկելու գործառույթ չի ունենալու:
Մալայզիական ինքնաթիռն Ուկրաինայի արևելքում կործանվել էր հուլիսի 17-ին: Ինքնաթիռում գտնված բոլոր 298 անձինք մահացել էին: Օդանավում գտնվել էին տարբեր երկրների քաղաքացիներ։










