Ռուսներին փոխհատուցում կառաջարկեն Ուկրաինայից եկած փախստականներին հյուրընկալելու համար

08:54 • 14.08.14

Ռուսաստանում առաջարկում են Ուկրաինայից եկած փախստականներին անմիջապես տրամադրել աշխատանքի թույլտվություն և կեցության իրավունք, իսկ ռուսներին, ովքեր կհամաձայնեն իրենց տանը հյուրընկալել առնվազն երեք փախստականի, ամեն ամիս վճարել 9000 ռուբլի, գրում է lenta.ru-ն:
 

Նման առաջարկություններ կան ուկրաինացի փախստականների վերաբնակեցման վերաբերյալ առաջարկների փաթեթում, որը մշակել են Մարդու իրավունքների գծով խորհրդի՝ միգրացիոն քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամները:


Խորհրդի անդամ Եվգենի Բոբրովի կարծիքով՝ այդ մարդիկ մեծամասամբ Ռուսաստանում բազմաթիվ բարեկամներ ունեն, և այսպես թե այնպես Ռուսաստան հաճախ են գալիս, այդ պատճառով նրանք կարող են անմիջապես ստանալ կեցության իրավունք, իսկ հետո միայն ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:


Մարդու իրավունքների գծով խորհրդի անդամները նաև առաջարկում են ֆինանսապես խրախուսել այն ռուսներին, որոնք ապաստան կտան փախստականներին: «Ընտանիքներին, որոնց մոտ կապրի առնվազն երեք մարդ, կարելի է ամսական վճարել 9000 ռուբլի: Դա լավ խթան է»,- ասում են անդամները:


Առաջարկներով փաստաթուղթը ուրբաթ օրը կքննարկվի խորհրդի հատուկ նիստի ժամանակ և կփոխանցվի համապատասխան գերատեսչություններին, իսկ այնուհետև՝ որպես զեկույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: