Շվեյցարիան խստացնում է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները

08:40 • 14.08.14

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, երկիրն արգելել է կրկնակի նշանակություն ունեցող ապրանքատեսակների արտահանումը ՌԴ և Ուկրաինա՝ դրանով ևս հաստատելով իր չեզոք կարգավիճակը:


Շվեյցարիան, համաձայն Դաշնային խորհրդի որոշման, հետևելու է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին և թույլ չի տալու իր տարածքն օգտագործել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների մաքսանենգության համար:


Պաշտոնական Բեռնը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում բռնության դեպքերի աճի կապակցությամբ և հերթական անգամ հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, համաձայն որի թերակղզին անցել էր Ռուսաստանին: Սակայն շվեյցարական կառավարությունն ընդգծել է, որ ի դեմս ԵԱՀԿ նախագահի կողմ է արտահայտվում Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ լուծմանն ու կողմերին երկխոսության կոչ է անում:


Ավելի վաղ Շվեյցարիան պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ-ից, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից 87 անձանց և 20 կազմակերպությունների հանդեպ: Պետական ֆինանսական ինստիտուտներին արգելվել էր նոր, գործարար հարաբերություններ հաստատել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, որոնք ԵՄ-ի կողմից հաստատված պատժամիջոցների ցանկում էին հայտնվել: Արգելվել էր նաև նրանց մուտքը Շվեյցարիա: