Հոռետեսական հարցազրույց թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ՝ «Գրական տապան» ամենամյա փառատոնի առիթով
Թարգմանիչ, խմբագիր, գրող-հրապարակախոս Սամվել Մկրտչյանը, Tert.am –ի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 18-28-ը Երևանում անցկացվելիք միջազգային «Գրական տապան» ամենամյա փառատոնին, առանձնապես ակնկալիք չհայտնեց, թե այս գրական միջոցառումը որևէ կարևոր հանգրվան կարող է դառնալ Հայաստանի գրական կյանքում:
-Հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստան կայցելի 15 գրող՝ աշխարհի 13 երկրից, և որ hամաշխարհային գրականությունը ներկայացնող հյուրերը կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կհանդիպեն հայաստանյան բուհերի ուսանողների հետ, իրենց փորձն ու պատկերացումները կկիսեն ժամանակակից հայ գրողների հետ: Ինչի՞ մասին է լինելու այդ խոսակցությունը, գրական թեմանե՞ր, աշխա՞րհ, գրական ուղղություննե՞ր:
-Բացարձակապես տեղյակ չեմ, նույնիսկ՝ տեղյակ չեմ՝ ովքեր են գալու, ինչ է լինելու: Ու այս անգամ որոշել եմ մասնակցել, որ տեսնեմ, թե էդ ովքեր են գալիս, նորմա՞լ մարդիկ են, թե՞ պատահական մարդիկ: Ու նախորդ «տապաններում» էլ ինչ եղել է, տեղյակ չեմ, բայց եթե ինչ որ հզոր բան լիներ, կիմանայինք:
-Քո կարծիքով՝ ինչու՞ են նման միջոցառումները Երևանի համար աննկատ անցնում: Ես ուզում եմ օրինակ բերել «Ոսկե ծիրանը», որը ամենախոշոր մշակութային միջոցառումն է դարձել տարածաշրջանում, և շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս ուղղակի այն հաշվարկով են տոմս գնում, որ կինոփառատոնին ներկա լինեն, համաշխարհային ժյուրիներ են գալիս: Ինչու՞ Երևանում երբևէ չի իրականացվում գրական որևէ նախագիծ, որը քիչ թե շատ աշխուժություն կարող է մտցնել գրական կյանքում:
-Անկեղծ կարծիքս ասեմ. Հարությունը Խաչատրյանը 10 տարի աշխատել է «Ոսկե ծիրանի» վրա, որը գնալով ավելի պոպուլյար է դառնում, ու ես չեմ կարծում, որ էս «Գրական տապանը» մշակութային ինչ-որ մեծ երևույթ է, իմ կարծիքով՝ գրողները պիտի գան, շփվեն, ուրիշ ոչինչ չի էլ կարող լինել: Վերջում էլ, ինչքան գիտեմ, ալմանախ են տպում: Էդ է, ուրիշ բան չեմ կարծում, որ կարող է լինել:
-Իսկ գրողներն իրար հետ պե՞տք է խոսեն քաղաքականությունից, աշխարհաքաղաքականությունից:
-Գրողները միայն պատմվածք չեն գրում, պիտի կիսվեն էլ, խոսեն քաղաքական իրադարձություններից, մանավանդ՝ հաշվի առնելով, թե աշխարհն այսօր ինչ վիճակում է, խելագարվել է: Բայց, կրկնում եմ, չգիտեմ՝ ում են հրավիրել, պիտի կարողանան կարգին մարդկանց հրավիրել, օրինակ՝ Օրհան Փամուկին, բայց այդ մարդկանց պիտի կարողան պահել այստեղ: Այսինքն՝ ֆինանսներ են պետք, ու դրա թափը չկա:
-Այսինքն՝ թափը ֆինանսների՞ մեջ է, գրական աշխարհում գրական կապեր չկա՞ն, որոնք գործի դնելով՝ կարողանան հրավիրել:
-Վերջին մի քանի տարին ցույց է տվել, որ ֆինանսների մեջ է: Իսկ գրական կապերն էլ պետք է երևույթներ լինեն, որովհետև, կներեք, եթե այնտեղ գրական միջոցառումներ են լինում, ու այստեղից գնում են միջակներն ու միջակից ցածրերը, ու եթե իրենք միջակից ցածր գրողներ են հրավիրում, ի՞նչ պետք է սպասել: Չեմ կարծում, որ ինչ-որ հանրահայտ գրողներ պիտի գան: Եթե Օրհան Փամուկին հրավիրեն, պիտի ասի՝ ո՞վ կա հրավիրված: Իրեն պետք է, որ կարգին գրողներ լինեն, եթե չլինեն, բնական է՝ չի գա: Նման մարդիկ թանկ արժեն: Հիմա Կոելյոն իր ռեկլամն արել, վերջացրել է Հայաստանում, հիմա իրեն որ կանչեն, ֆանտաստիկ գումար պիտի ուզի:










