Կարևորում եմ ընդդիմության միասնությունը. չպետք է Ալիևի պարտադրանքով Հայաստանում Սահմանադրություն փոխվի. Հուսիկ Արա
Կարևոր եմ համարում այդ հավաքը, միասնությունը: Չորս կետն էլ շատ կարևոր են մեզ համար, Նարեկ Կարապետյանի և մտավորականների հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում ասել է բանաստեղծ Հուսիկ Արան՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ երեկ կայացած հանդիպմանը, որի ավարտին հայտարարվել էր համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման առաջնային նպատակները:
«Քաղաքական ուժերի համախմբումը, հայտարարությունը և այս պահին, որ պետք է տեղի ունենա, մտավորականների հավաքը շատ կարևոր եմ համարում: Դա է, որ մեզ կարող է ուժ տալ, որ ի վերջո կարողանանք հաղթահարել և՛ ալիևյան թելադրած, պարտադրած Սահմանադրությանը, և՛ եկեղեցու դեմ հալածանքը»-նշել է նա և հավելել, որ սա կարող է ուժ տալ պահպանել նաև այն կարևոր հենասյուները, որոնք այսօր փորձ է արվում խարխլել, փլուզել:
Հարցին՝ հանդիպմանն ի՞նչ առաջարկով է հանդես գալու բանաստեղծը, նա պատասխանել է՝
«Առաջարկս այն է, որ չպետք է Ալիևի թելադրանքով, պարտադրանքով Հայաստանում Սահմանադրություն փոխվի կամ ինչ-որ քայլեր արվեն, որոնք հակապետական են և մեր պետության, պետականության, մեր ազգային ինքնության դեմ են, ինչպես եկեղեցու հալածանքը, որ մենք տեսնում ենք՝ Փաշազադեի կամ չգիտեմ ում հրահանգով է»-ասել է Հուսիկ Արան:










