Լյուկ Բեսոնը չի նկարահանի «Լյուսիի» շարունակությունը
Ֆրանսիացի անվանի ռեժիսոր Լյուկ Բեսոնն ասել է, որ չի մտածել իր նոր «Լյուսի» ֆանտաստիկ թրիլերի շարունակությունը նկարահանելու շուրջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բեսոնն այս մասին ասել է ռուսաստանցի լրագրողներին Մոսկվայում, որտեղ սեպտեմբերի 11-ին կայանալու է ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան: Նա մասնավորապես նշել է, որ մարդիկ իրեն շատ հաճախ են հարցնում սիքվելի մասին, սակայն ինքն այնքան էլ չի հասկանում, թե ինչ կարելի է պատմել ֆիլմի շարունակության մեջ, և առայժմ նման գաղափար չունի:
Ֆիլմում Սքարլեթ Յոհանսոնի հերոսուհին ակամա դառնում է սեփական ներքին օրգաններում թմրանյութ փոխադրող, սակայն հանգամանքների բերումով փորձարարական թմրանյութը հայտնվում է նրա օրգանիզմում և գերբնական հատկություններով օժտում նրան:
Բեսոնը նշել է նաև, որ արդեն 20 տարի է՝ մարդիկ իրեն հարցնում են «Լեոն»-ի շարունակության մասին, սակայն ինքն առայժմ համապատասխան «լավ գաղափար» չունի:










