Որ ճանաչենք մեր հերոսներին. Ցվետանա Պասկալևայի «Նվիրյալները» ֆիլմաշարը Արցախի հայտնի ու անանուն հերոսների մասին

17:54 • 09.09.14

Բուլղարուհի հայտնի ռեժիսոր և լրագրող Ցվետանա Պասկալևան, Tert.am-ի հետ զրույցում Արցախի ողջ և զոհված հերոսների մասին ֆիլմաշար-հաղորդաշարի մասին զրուցելիս, պատմեց, որ իր մազերը սկսել են սպիտակել շատ վաղ տարիքից՝ 1991 թվականից, երբ Արցախյան պատերազմի վավերագրությունը ներկայացնելու իր աշխատանքի շրջանակներում մտել է Շահումյանի շրջանի հայկական գյուղերից մեկը, ուր մինչ այդ եղել էին ադրբեջանցիները: Ֆիլմաշարի հիմնական նպատակն այն է, որ երիտասարդ սերունդն իմանա արցախյան պատերազմի բոլոր հերոսներին՝ ինչպես արդեն լեգենդար, այնպես էլ անանուն, թե՛ զոհված, թե՛ ողջ:


-Ցվետանա, ղարաբաղյան դեպքերից 23 տարի անց ինչպե՞ս և ինչո՞ւ ծնվեց ղարաբաղյան հերոսների մասին «Նվիրյալները»- ը ֆիլմաշար պատրաստելու գաղափարը: Այն ի՞նչ կարող ցույց տալ անցյալի լույսի ներքո:


-Գաղափարն ինձ առաջարկեց Հայաստանի «Հանրային հեռուստաընկերությունը» և անմիջապես հասկացա, որ սա իմ թեման է. ես նրանով ապրում եմ, ես ուզում եմ տեսնել Ղարաբաղյան հակամարտության լուծումը, և գլխավորը՝ ինձ համար շատ կարևոր է խոսել ղարաբաղյան պատերազմի հերոսների մասին, մեր հաղթանակը կերտած մարդկանց մասին՝ զինվորի ու գեներալի, բժիշկների, հոգևորականների կանանց մասին: Մարդիկ, որոնց հետ ճանապարհ եմ անցել ղարաբաղյան ողջ պատերազմի ընթացքում: Արցախի հերոսների մասին, որոնց արիության ու քաջության շնորհիվ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ շատ կոնկրետ՝ իրենց սխրագործությունների մասին, իրենց անունների: Նաև՝ շատ կարևոր է ներկայացնել նաև այն անանուն, առավել քիչ հայտնի հերոսներին, որոնց հերոսության շնորհիվ է կերտվել այդ հաղթանակը: Եվ հիմա, ձեռնարկելով այդ ֆիլմաշարը փորձում եմ գլխից՝ հիշողություններից վերհանել առավելագույն դեպքեր, դեմքեր: Միկրո-ֆիլմերից բաղկացած հաղորդաշարը սկսեցի Ղարաբաղի հրետանու ղեկավար քեռի Ժորայից, ում բոլորն այդպես էին կոչում: Քեռի Ժորան պատերազմի աստվածն էր, իրական հերոս, ով ողջ առողջ է, և ինձ համար շատ կարևոր էր հաղորդաշարը սկսել կենդանի հերոսից, մի մարդուց, ով այսօր զբաղված է խաղողի այգիներ աճեցնելով.... մարդը, ով պատերազմի ընթացքում կազմակերպում էր հրետանու ողջ աշխատանքը, կարողացավ ողջ մնալ, արդեն անցել է թոշակի ու այսօր խաղողի այգիներ է հիմնում այն հողում, որի տերն է: Այն հողի, որը նա ինքն է պաշտպանել: Քեռի Ժորան ինձ համար շատ գեղեցիկ կերպար է, ու շնորհակալ եմ «Հանրայինի» ղեկավարությանը, ում հետ աշխատում եմ արդեն 2 տարի։ Եվ երբ նրանք ինձ առաջարկեցին ֆիլմաշարը, հասկացա, որ հիմա հենց այն ժամանակն է, երբ 23 տարի անց փորձեմ շրջվել ու հետ նայել բոլոր այդ իրադարձություններին, այդ կերպարներին: Սա շատ կարևոր է հայության համար, սփյուռքի համար, որ իմանա իր հերոսներին: Մեզ պետք է օրինակ, շատ կոնկրետ, կենդանի օրինակներ, որոնք փորձել եմ վերհանել ու ներկայացնել մարդկային կոնկրետ պատմություններով: Ի վերջո, անհրաժեշտ է, որ հայ մարդիկ, նոր սերունդը ճանաչի իր հերոսներին: Նրանցից շատերն արդեն լեգենդ են դարձել, բայց դա լեգենդ է, որը իրական մարդ է, ու հատկապես այդ մարդուն, ցանկանում եմ, որ մարդիկ իմանան ու հիշեն:

-Պատերազմները տարվում են ողջերի ուժով, սակայն հաղթանակները՝ զոհվածների ու ողջերի արյան գնով: Ֆիլմում ողջ մնացածնե՞րն են, թե՞ նահատակված հերոսները:


-Մինչև Նոր տարի ֆիլմաշարի ցուցադրությունների ցանկը նայում էի ու հասկացա, որ պետք փորձեմ պահել ողջերի ու մեռածների մի, այսպես ասած, հավասարակշռություն:

-Բոլոր այս անունները մարդկային ճակատագրեր են՝ գեներալից մինչև զինվոր. ֆիլմաշարում պատկերելո՞ւ եք, թե ինչպես է դասավորվել նրանց ճակատագիրը խաղաղ պայմաններում: Ի դեպ, գիտեք, Հայաստանում կա նման անարդար բան, որ կռված տղաների մի մասը ապրում է շքեղության մեջ, մի մասն էլ անգամ դեղերի փող չունի:

-Փորձելու եմ խոսել միայն այն տղամարդկանց մասին, ովքեր փորձություններին դիմացան ինչպես ռազմաճակատում, այնպես էլ խաղաղ պայմաններում, որովհետև ոմանք, այո, տրվեցին փորձություններին: Իմ «ֆոկուսն» այն է լինելու, որ փորձելու եմ առավել անդրադառնալ իրական հերոսներին:

-Խոսեցիք անանուն հերոսների մասին, շա՞տ են նրանք, որոնց մարդիկ չեն ճանաչում և միայն կռված տղաների շրջանակներին են նրանց անուններն ինչ-որ բան ասում:


-Երբ անցյալ տարի «Հանրայինի» հետ համագործակցությամբ սոցիալական ծրագիր էի ձեռնարկել, ուսանողների շրջանում հարցում արեցինք հետևյալ հարցադրմամբ, թե արցախյան պատերազմի ի՞նչ հերոսների գիտեն: Եվ պարզվեց, որ բացի Վարդան Մամիկոնյանից ,Անդրանիկից, Նժդեհից, Դրոյից , ովքեր ժամանակակից հերոսներ չեն, ժամանակակիցներից ճանաչում են միայն սպարապետ Վազգեն Սարգսյանին, Ավոյին, մեկ էլ երևի, Բեկորին: Լեոնիդ Ազգալդյանին, օրինակ, շատ քչերն էին ճանաչում: Սա իմ համար ահազանգ է, որ նոր սերունդը չի ճանաչում իր ժամանակակից հերոսներին: Եվ շատ կարևոր է, որ նրանց հատկապես ժամանակակիցները ճանաչեն: Եվ շատ կարևոր է ցույց տալ, որ միայն դրանք չեն, կան այլ անուններ ևս: Ինչպես օրինակ՝ քեռի Ժորան՝ Ժորա Գասպարյանը:

-Կարծում եմ՝ հաղորդաշարը հավաքելով, մտովի վերադառնում եք 23 տարվա, արդեն պատմություն դարձած իրադարձություններին: Այսքան տարիների հեռավորությունից, ի՞նչն է, ո՞ւմ մահն է Ձեզ համար ամենաողբերգական իրադարձությունը եղել, և ի՞նչ լուսավոր կետեր են եղել պատերազմի ընթացքում:

-Ամենասարսափելին կորուստներն էին, մարդկային կորուստները, մարդկանց, հատկապես, կանանց ու երեխաների դիակները, նրանց այլանդակված դիերը: Սա իրողություն էր, որ այդպես էլ չկարողացա ընդունել: Ես դա երբեք էլ չսովորեցի հաղթահարել ու միշտ, միշտ շարունակում էի արտասվել: Հիշում եմ, երբ 91 թվականին մտանք մի գյուղ, որում ադրբեջանցիները կանանց ու երեխաների սպանդ էին կազմակերպել, մազերս երկու օրում սպիտակեցին: Երբ Բուլղարիա վերադարձա, մայրիկս ասաց, որ երիտասարդ կին ես, ու այդ օրվանից մազերս ներկում եմ (ժպտում է):
Իսկ ուրախալի դեպքերը հաղթանակներն էին, երբ մեր տղաները ինչ-որ մի հող, տարածք ու գյուղ էին գրավում այն պայմաններում, այն դեպքում, երբ հայերի ու ադրբեջանցիների ռեսուրսներն անհամեմատելի էին: Ես հպարտանում էի այդ տղաներով, այդ հերոսներով: Եվ այդ հաղթանակներն էին, որ շատ դեպքերում ինձ հասկացնել տվեցին իմ Բուլղարիայի պատմությունը: Չնայած, նախքան այդ փորձել էի հասկանալ դա՝վեպերով ու գրքերով:

-Հայկական հայտնի խոսք կա դեռ հայ պատմիչներից. «Մահ իմացյալ անմահություն է»:


- Այդ ինքնազոհաբերվելն է, դա կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ, և այսօր ինչ կա, կառուցվել է Ղարաբաղում, դա կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ: Սա հենց այդ հաղթանակի ու ինքնազոհաբերման կամարն է: Եվ այդ է պատճառը, որ նրանց անունները երբեք չեն մոռացվի, ինչպես և՝ իրենց գործը: Որովհետև իրենք արել են ամենաճիշտ բանն աշխարհում:


-Օգոստոսյան դեպքերից առաջ՝ մինչ մեր զինվորների հերոսության օրինակները, որով հետ մղեցին ադրբեջանական դիվերսիոն խմբավորումներին, տպավորություն էր, որ մի քիչ մոռացել ենք, թե ինչ է պատերազմը,: Այս առումով, ֆիլմաշարն ի՞նչ կարող է տալ, ըստ Ձեզ:



-Կարող է տալ անուղղակի: Հայրենասիրական զգացմունքները սնվում են նաև իրական կերպարներով, և արցախյան այդ տղաները պետք է օրինակ դառնան այն տղաների համար, ովքեր այսօր են կանգնած սահմանին: Օրինակ՝ հասարակության համար՝ ինչպես ապրել, պայքարել ու ինչպես պաշտպանել հայրենիքը: Եվ միշտ այսօր զորակոչիկների հետ հանդիպելով, միշտ նրանց ասում եմ, որ պետք է իմանաք, որ հայրենիքի սահմանների պաշտպանությունը ձեզ ընձեռված մեծ պատիվ ու հնարավորություն է, ոչ թե պատիժ: Կանգնել այդ սահմանին ու զգալ հայրենիքի պաշտպան:


Խորհրդանշական կերպով ասած՝ ֆիլմաշարը, որը սկզբնապես ցանկանում էի կոչել նաև «Հաղթական կամար» հաղթական կամարն է հաղթանակի, որպեսզի անհրաժեշտ պահին մարդը կարողանա կռանալ ու ուղղակի ծաղիկ դնել: Ու ոչ միայն հիշել այս տղաներին, այլ եթե պետք լինի, հետևել նրանց օրինակին: Ես վստահ եմ, որ գաղափարախոսական, հայրենասիրական դաստիարակությունը, ինչ բառերով էլ այն կոչենք, սա ազգային ինքնորոշումն է: Այն ամենն է, ինչ անհրաժեշտ է՝ հասկանալու քո արմատները, ինչ է հողը, հայրենիքը: Ու մենք օգոստոսյան դեպքերին տեսանք, թե ինչպես տղաները հաջողությամբ լուծեցին խնդիրը, թե ինչպես պատերազմի վետերանները գնացին ու նրանց կողքին կանգնեցին: Դուք՝ հայերդ, ունեք այդ առանձնահատկությունը, վատ պահերին, տա Աստված, որ դրանք չլինեն, միավորվելու: Եվ նույնիսկ ինձ դուր եկավ, որ այդ օրերին տարբեր կուսակցություններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ բոլորը խոսում էին մեկ «ձայնով»՝ Ղարաբաղի ու հայրենիքի մասին: Եվ ինձ համար, որ երկար ու դժվար ճանապարհ է անցել արցախցի ֆիդայինների՝ կամավորականների հետ, սա հաճելի էր, երբ ազգովի մի բռունցք էիք դարձել:

–Ձեր նվիրական երազա՞նքն է տեսնել ԼՂՀ հակամարտության հանգուցալուծումը:


-Ոչ թե հանգուցալուծումը, որովհետև այն արդեն կա, հանգուցալուծում ասելով՝ նկատի ունեմ՝ անկախ Ղարաբաղը: Սա իմ կյանքի անհանգստությունն է, ես այստեղ մնացել եմ դրա համար ու ես դրան սպասում եմ: Եվ իմ կյանքի 23 տարիներին, երբ գնալով ավելի շատ ժամանակ է անցնում ու որքան ավելի մոտ եմ դառնում Ձեզ՝ հայերիդ, դառնում եմ ձեր ու ձեր պատմության մաս, դա արդեն ինձ համար դառնում է պրոֆեսիոնալ ու մարդկային պատվի հարց: Եվ գիտեմ, որ դա նաև ինձ համար պատասխանատվություն է, որովհետև ես պետք է ու պատմել եմ այդ պատմությունը:
Շատ շնորհակալ եմ, որ «Հանրային հեռուստաընկերության» երիտասարդ թիմը, թիմ, որովհետև իսկապես թիմային են աշխատում, ինձ և հեռուստադիտողին այս հաղորդաշարը ստեղծելու և դիտելու հնարավորություն տվեց:

 

Որ ճանաչենք մեր հերոսներին. Ցվետանա Պասկալևայի «Նվիրյալները» ֆիլմաշարը Արցախի հայտնի ու անանուն հերոսների մասին