Լեհ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկու «Գրանդ» վեպը թարգմանվել է հայերեն
Երևան է ժամանում աշխարհահռչակ լեհ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին: Հայ ընթերցողին նա կներկայացնի իր նոր ստեղծագործությունը՝ «Գրանդ» վեպը: Հանդիպումը բացառիկ է, քանի որ առաջին անգամ հայ ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալ Վիշնևսկու նոր ստեղծագործությանը՝ հայերեն:
Գրքի հայերեն, ռուսերեն և ուկրաիներեն թարգմանությունները կատարվել են միաժամանակ: Հայերեն թարգմանության խմբագիրը Զավեն Բոյաջյանն է:
Սոպոտի «Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցող իրադարձությունները փոխում են մարդկանց ճակատագրերը: Հրեաների հոլոքոստի, քաղաքական ինտրիգների ու պարզ մարդկային հարաբերությունների մասին պատմությունները խաչվում են հյուրանոցային համարներում ու դառնում Վիշնևսկու նոր ստեղծագործության առանցքը: Իրեն հատուկ նրբությամբ՝ Վիշնևսկին ներկայացնում է հերոսների ապրումներն ու զգացողությունները, վախերն ու երջանկությունը: Դավաճանության, հիշողությունների ու սպասումների մեջ խճճված հերոսների համար Վիշնևսկին ունի միշտ գործող մի դեղատոմս՝ սերը:
Արդեն հաջորդ շաբաթ «Գրանդը» կհայտնվի երևանյան գրախանութներում:
Գրքի շնորհանդեսը, որին կմասնակցի նաև հեղինակը, տեղի կունենա սեպտեմբերի 27-ին` «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում:
Հիշեցնենք, որ «Գրանդ» վեպի շնորհանդեսը «Գրական տապան» փառատոնի միջոցառումներից է: Ամենամյա գրական փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 18-28-ը և Հայաստան կբերի 15 գրողի՝ աշխարհի տարբեր ծայրերից:










