Օռլանդո Բլումը ցանկանում է կրկին նկարահանվել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում
Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը բանակցություններ է վարում պրոդյուսերների հետ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերթական մասում կրկին նկարահանվելու հարցով, հայտնում է segodnya.ua-ն։
Oz Comic-Con փառատոնի ընթացքում Բլումը հայտնել է, որ ինքը, հնարավոր է, կնկարահանվի «Ծովահենների» 5-րդ մասում։ Մինչ այդ Բլումը հայտնվել է ֆիլմի նախորդ 3 մասերում։ Վերջին ֆիլմում նրա հերոսը՝ Ուիլ Թրները, դառնում է «Թռչող հոլանդացին» ծովահենների նավի անմահ կապիտանը։
«Պատճառներից մեկը, որ ես ուզում եմ վերադառնալ՝ Ջոնիի հետ կրկին նկարահանվելու հնարավորությունն է։ Մանկության տարիներին ես Ջոնի Դեպի մեծ երկրպագուն եմ եղել. լինել նրան մոտ և տեսնել, թե ինչպես է նա աշխատում՝ անհավանական նվեր էր ինձ համար»,- խոստովանել է Բլումը։
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասը Disney ընկերությունը կնկարահանի Ավստրալիայում։ Նկարահանումները կանցկացվեն արևադարձային անտառներում և Մեծ Արգելախութի շրջանում։










