Նոստալգիան ավելի շատ վերաբերում է այն Երևանին, որտեղ դու երիտասարդ էիր. Արա Երնջակյան

17:05 • 12.10.14

Երևանի Սիլաչի թաղամասում մեծացած, ռեժիսոր և Երևանի ավագանու անդամ Արա Երնջակյանը հին Երևանից կարոտում է մարդկանց միջև նախկին շփումները՝ հենց այնպես ու առանց հաշվարկների: «Ամբողջ աշխարհն այդպիսին է, չէ՞, գնում էին արտասահման ու տեսնում էինք, թե մարդկանց հարաբերությունների մեջ ինչ չորություն կար: Դա մեզ այն ժամանակ վրդովեցնում էր, բայց հիմա, ցավոք սրտի, մեզ մոտ էլ են շատ գործնական. եթե գործ ունես, զբաղված ես, այսինքն՝ հենց այնպես հյուր չես գնում»,- ասում է ռեժիսորը: Նա հույս ունի, որ Երևանում 5-10 տարուց հետո կվերականգնվեն նախկին ավանդույթները, և ինչ-որ լավ նախանշաններ տեսել է հենց իրենց բակում, երբ բակի կանայք երեխաները ծնունդը կազմակերպում են բակում, իսկ հարևաններն էլ որոշում են, որ Նոր տարին միասին են անցկացնելու:


-Պարո՛ն Երջակյան, տեղյակ չեմ, այսպես ասած, կոչումով Երևանի պատվավոր քաղաքացի եք, թե ոչ, բայց երևանցի եք, ինչպես ընդունված է ասել՝ երևանցի տղա: Ի՞նչ է Ձեր համար Երևանը:


-Ես պատվավոր քաղաքացի չեմ ու ինձ ավելի պատիվ է բերում հենց երևանցի տղա լինելը: Չգիտեմ՝ ինչ է Երևանը, եթե կարողանայի բացատրել, երևի թե այնքան էլ հետաքրքիր չլիներ: Քաղաք, որտեղ ծնվել եմ, մեծացել եմ, ապրել եմ ողջ կյանքս, որտեղ թաղված են իմ ծնողները և որը ինձ համար շատ թանկ վայր է: Ես ոչ մի տեղ չեմ կարողանում երկար գտնվել և ցանկացած տեղ, որ մեկնում եմ, շատ կարճ ժամանակ անց նորից ցանկություն է առաջանում՝ նորից վերադառնալու Երևան:


-Երևանը շատ է փոխվել, այս փոփոխությունների ճանապարհին կորուստնե՞ր եք ավելի շատ տեսնում, թե ... ինչո՞ւ, որովհետև հիմա շատերի մոտ կարոտախտ կա նախկին երևանցիների, նախկին երևանյան բակերի, շփումների ու կոլորիտի նկատմամբ: Նույնիսկ շատերը ափսոսում են երևանյան այն սև շորերով տղաների, սուր կոշիկներով…


-Ծիծակ (ծիծաղում է)։

Բնական է, որ նոստալգիա կա, բայց երբ ավելի խորն ես նայում, հասկանում ես, որ այդ նոստալգիան ավելի շատ քո երիտասարդությանն է վերաբերում, և ավելի շատ ցանկություն կա վերադառնալու այն քաղաքը, որտեղ երեկ դու երիտասարդ էիր: Ինչ վերաբերում է կորուստներին, բնական է, որ որոշ կորուստներ եղել են, շատ երևանցիներ, ցավոք սրտի, հիմա երևանից դուրս են և երբ գնում ես Մոսկվա կամ Լոս Անջելես կամ մի ուրիշ տեղ, տեսնում ես, որ այնտեղ երևանցիների քանակը շատ մեծ է և, միգուցե, այն երևանցիների, որոնք ինձ ավելի հարազատ են, որովհետև մենք իրար հետ ենք մեծացել:

Բայց ինչ վերաբերում է քաղաքին, եթե նայենք ավելի սթափ աչքերով, ոչ թե այն կարոտով, որ ես երիտասարդ չեմ արդեն և նայենք երիտասարդների աչքերով, ես կարծում եմ՝ Երևանը էդ իմաստով վերջին մի քանի տարվա ընթացքում շատ բան վերականգնում է: Եվ առաջին հերթին, հենց նույն բակերը, որոնք վերականգնվում են և կարծում եմ, որ տարիներ անց էդ բակերը կդառնան հիմք՝ ժամանակին Երևանի բակային մթնոլորտը վերականգնելու համար: Էս իմաստով, ամեն ինչ նորմալ է, ես չեմ կիսում էն մտավախությունը, որ Երևանը, նկատի ունեմ ճարտարապետությունը՝ քարերը և այլն, ինչ–որ շատ բան կորցրեց այս տարիներին …


-Կորցնելու չէ, այլանդակվելու մասին է խոսքը:


- Ես չեմ կարծում, որ այլանդակվում է, դա պարզապես ցանկություն է վերադառնալ այն քաղաքին, բայց ցանկացած քաղաք զարգանում է, և հնարավոր չէ միշտ պահել հին տարբերակը՝ 60–ականների տուֆազարդ հինգհարկանիների քաղաքը, որը, միգուցե, շատ հարազատ էր, բայց քաղաքն ընլայնվում է և հինգհարկանի շենքերով…


-Դե խոսքն ակնհայտ անճաշակությունների մասին է:


- Անճաշակություններ կան, բայց էլի կարելի է մի քիչ ուրիշ աչքերով նայել. ժամանակին, Էյֆելյան աշտարակը ֆրանսիացիների համար այլանդակության մի չափանիշ էր, կամ Լուվրի մոտի բուրգը «խայտառակություն» էր: Այսինքն՝ ցանկացած նորամուծություն մի քիչ սվիններով է ընդունվում: Մեզ մոտ էլ Կարապի լճի մոտ Բաբաջանյանի արձանը, որքան հիշում եմ՝ մեծ վրդովմունք էր առաջացրել երևանցիների մոտ, հիմա այն ամենասիրված տեղերից մեկն է: Տեսե՛ք՝ նույն Հյուսիսային պողոտայի մասին այդքան խոսում են, չէ՞, խոսում, խոսում, խոսում են, բայց երեկոյան գնացեք՝ ամբողջ քաղաքը Հյուսիսային պողոտայով գնում է աջ ու ձախ: Եթե դա իրոք վատ լիներ, հաստատ այնտեղ դատարկ կլիներ: Կան բաներ, որոնք ես էլի չեմ ընդունում, բայց մի քիչ ավելի սթափ եմ այս ամեն ինչին նայում: Քաղաքին պետք է նայել 20-30 տարեկանների աչքերով ու էդ ժամանակ մի քիչ ավելի հանգիստ ես վերաբերում: Պարզ է, որ այն հնություններն ուզում ենք պահել, ոնց որ օրինակ՝ հին շորը:


-Կոլորիտի, մարդկանց , նրանց նիստուկացի առումով Երևանն արդյո՞ք մետամորֆոզների չի ենթարկվել: Նաև հին երևանցիներ գնացին՝ չկան, մի մասը մահացել են, մի մասը՝ արտագաղթել, և հիմա քաղաքը նոր «տերեր» ունի՝ անծանոթ բառապաշարով:


-Մենք շատ բան ենք կորցնում, բայց նորից դրան մի քիչ ավելի հանգիստ հայացքով: Գնալը գնացին, բացի դրանից, սահմանները բացվեցին, մենք սկսեցինք շփվել, աչքներս բացվեց և տեսանք, որ մարդիկ միմյանց հետ հարաբերվում են ավելի գործնական, ավելի չոր: Ամբողջ աշխարհն այդպիսին է, չէ՞, գնում էին արտասահման ու տեսնում էինք, թե մարդկանց հարաբերությունների մեջ ինչ չորություն կար: Դա մեզ այն ժամանակ վրդովեցնում էր, բայց հիմա, ցավոք սրտի, մեզ մոտ էլ են շատ գործնական. եթե գործ ունես, զբաղված ես, այսինքն՝ հենց այնպես հյուր չես գնում, հենց այնպես հարևանի հետ չես շփվում: «Հենց այնպես» բառը էլ չկա, որը ժամանակին մի հետաքրքիր գույն էր տալիս, էս իմաստով մի բան կորել է: Բայց նորից եմ ասում՝ էն, որ բակերը բարեկարգվում են, օրինակ՝ մեր բակը բավականին հետաքրքիր լուծում են գտել, և դա շատ ուրախացնում է, որ մայրերը հավաքվում են և երեխաների ծնունդն անում են հենց այդ բակում: Այսինքն՝ հույս կա, որ վաղը մյուս օրը էդ երեխաները իրար հետ շփվելու են:


-Այսինքն՝ Ձեր թաղամասում, երեխաները բակում խաղում են, որովհետև շատ ծնողներ բողոքում են, որ իրենց երեխաները բակ չեն իջնում, նաև, որովհետև բակ չկա՝ դրանք կերել են ավտոտնակները:


-Այո՛, մեզ մոտ բակ կա ու գիտեմ նաև, որ էդ քաղաքականությունը լուրջ կիրառվում է, և բակերը վերականգնվում են հենց էդ իմաստով: Եվ դա կբերի իր արդյունքը, կարող է՝ վաղը, մյուս օրը չէ, բայց մի 5-10 տարի հետո, հույս ունեմ, որ այդ բակային մթնոլորտը կվերականգնվի: Ես դա տեսնում եմ: Օրինակ՝ արդեն երկրորդ տարին է՝ մեր բակում որոշել են Նոր տարին անել բակում: Ու շատ մեծ բան կա նրանում, որ հարևանները, որոնք կարող է պատահի՝ տարվա ընթացքում նույնիսկ իրար չեն էլ տեսնում, չգիտեն՝ով է, այդ օրը կլինեն միասին:


-Դուք ո՞ր թաղամասում եք ապրել:


-Ես Սիլաչիում եմ մեծացել, մի շատ համով տեղ էր, որ նույնիսկ դուռը չէի փակում, գիտեիր, բացառում էիր, որ ինչ-որ մեկը կարող է մտնել, ինչ-որ վնաս պատճառել կամ ինչ-որ բան տանել: Հիմա էլ, մեկ-մեկ, որ գնում եմ էդ կողմերը, մի քիչ թախիծով հանդիպում եմ որոշ կերպարների, որոնք դեռ կան ու հետաքրքիր մականուններ կային, որոնք պահպանվել են:


-Ո՞րն էր այդ հին ու սիրելի երևանցում ամենաբնորոշն գիծը:


-Ամենալավ բանը, որ ես նկատում էի այն ժամանակ, դա բարությունն էր, և մարդիկ օրինակ՝ պատրաստ էին մեծարել դիմացինին, եթե ինչ-որ լավ բան արել էր: Եվ դա արվում էր առանց ինչ-որ մի հետին մտքի ու հաշվարկների: Հիմա, ցավոք սրտի, ես էդ բանը չեմ տեսնում, հիմա մի քիչ ավելի հաշիվ է մտել մեր հարաբերությունների մեջ, հաշվենկատ ենք, ինչ-որ քցում-բռնում ենք… էն ժամանակ էդ բանը չկար. եթե մեկը վիրավորում էր, ապտակ էիր տալիս, կռիվ էր լինում, բայց էդ կռիվն էլ չափը չէր անցնում, կռվի մեջ էլ կային օրենքներ: Այսինքն՝ ծեծկռտուք կարող էր լինել, բայց կարող է՝ մյուս օրը հավաքվեին, իրար հետ նստեին, բարիշեին, ու էդ բարիշելն էլ արդեն մի մեծ արարողություն էր դառնում: Հիմա, ցավոք սրտի, էդպիսի բաներ չկան:


-Երևանին բնորոշ ինչ-որ գույն, հոտ, պատկեր՝ ըստ Ձեզ:


-Ժամանակին դա ավելի պարզ էր, բոլորս երբ գնում էինք զանազան ծովափներ, պարծենում էինք, որ Երևանը աշխարհի 8-րդ հրաշքն է, չգիտեմ՝ վարդագույն հրաշք, թանգարան բաց երկնքի տակ, բոլորին էս մասին պատմում էինք, հավատում էինք դրան ու դրա մեջ շատ լավ բան կար: Հիմա ինձ համար քաղաքը … վատը գիտե՞ք ինչն է՝ որ հիմա ավելի քիչ ենք շփվում քաղաքի հետ: Մենք ավելի շատ գործով ինչ-որ տեղ ենք գնում, բայց քաղաքում քիչ ենք լինում:


-Սրճարաններում քիչ ենք լինում:


-Երևի թե, կամ եթե նույնիսկ սրճարանում լինում ես էլ, հենց սրճարանում ես լինում, սրճարանի մթնոլորտն ես վայելում:


-Բետոնապատ, երբեմն՝ անճաշակ ու տեղ–տեղ «վրաններ խփած» սրճարանների, հա՞:


-Այստեղ էլ կարող եմ Ձեզ հետ վիճել: Ես կարող եմ ասել, որ ով եղել է Երևանի սրճարաններում, հիշում է դրանք: Ես նույնիսկ հիշում եմ, որ մեր երիտասարդության տարիներին վրացիները ո՞նց էին նախանձում, որ Թիֆլիսում չկան սենց սրճարաններ, կամ Մոսկվայի ժողովուրդը ո՞նց էր նախանձում: Միակ նման տեղն էր, երևի թե, Սովետական միությունում, և, փա՛ռք Աստծո, դա պահպանվել է: Որ կարող էիր գրպանումդ մի քանի կոպեկ ունենալով, մտնել, մի գավաթ սուրճ խմել ու շատ նորմալ վայելեիր քո երեկոն կամ ցերեկը: Փա՛ռք Աստծո, էս իմաստով մենք պահեցինք այս տրադիցիան: Իհարկե, ծնվեցին սրճարաններ, որոնք գերգների սահմաններում են աշխատում, բայց այնուամենայնիվ, կան տասնյակ սրճարաններ, որոնց մուտքը շատ դեմոկրատական է և ուր շատ հանգիստ կարող ես մտնել, հանգիստ վայելել: Նույնիսկ կարող ես ծխել, ինչո՞ւ, որովհետև ողջ աշխարհում սկսել են արգելել ու մեզ մոտ դեռ դրան չեն հասել: Մեզ մոտ դեռ մեր սրճարաններում դեռ ծխում են: Ես լավատես եմ, ես ամեն ինչի մեջ ցանկանում եմ լավը տեսնել:


-Երևանը երբեք մաքուր օդով չի առանձնացրել, բայց հիմա լրիվ փոշու մեջ կորած է, և երբ ամռան գիշերներին քամիներ են բարձրանում, քաղաքում շնչելն ուղղակի անհնար է: Իբրև արդեն Երևանի ավագանու անդամի՝ ինչպե՞ս եք վերաբերում աղտոտված օդ ունեցող ու ոչ կանաչապատ Երևանին:


-Ես տեղյակ եմ, որ կանաչապատման հետ կապված բավականին լուրջ ծրագրեր կան: Կանաչապատումը, գիտեք՝ տարիներ եղան, երբ մենք շատ բան կորցրեցինք մի քանի տարվա ընթացքում: Միակ արձանը, որ վկայում է այդ տարիների մասին, մենք էինք կանգնեցրել մեր թատրոնի պատի կողքին, նկատած կլինեք: Մենք այն տեղադրել էինք այն դեռ 94 թվականին. երկաթից ծառ է ի հիշատակ էն ծառերի, որոնք զոհվեցին՝ տաքացնելով մեր օջախները:


-Բայց դրանից հետո այնքան են կտրվել, և ինչպիսի հետևողականությամբ: Ու ընդամենը մեկ-երկու տարի առաջ, որ ամեն մի ծառի կտրումը, անհետևանք կտրումը կանխվում էր քաղաքացիական ակտիվիստների կողմից:


- Հասկանում եմ, տպավորություն չլինի, որ արդարացնում եմ ծառ կտրելը, բայց, գիտեք, էդ ակտիվիստների գործունեությունը ինձ համար մի քիչ անհասկանալի է: Մի պարզ օրինակ բերեմ՝ Մաշտոցի պուրակի օրինակը: Ես, երբ վեճ ունեցա իրենց հետ, ես իրենց բացատրում էի, որ էս ճանապարհը, որ կառուցեցին դեպի Մատենադարան, այստեղ բավականին շատ ծառեր կային, որ վնասեցին: Ավելի շատ, քան պուրակում, որտեղ ոչ մի ծառ չվնասեցին: Բայց այնտեղ չգիտեմ՝ ինչ շարժառիթ կար, չգիտեմ պատճառներով, հավաքվել էին ու սկսել էին աղմկել, ես իրենց բացատրեցի, որ եթե ձեր նպատակը ծառեր պահպանելն է, բարձրանանք մի 200 մետր ավելի բարձր, ու տեսեք, որ այստեղ ծառերն իրոք վնասվում են: Ոչ ոք այդ քայլը չարեց: Ես հասկացա, որ դա իրենց ավելի շատ պետք է ինչ-որ նպատակի հասնելու համար: Դրա համար այդ ակտիվիստների շարժմանն այնքան էլ լուրջ չեմ վերաբերում, առավել ևս էն թվերին, որ ներկայացնում են, որ հազարավոր էս ա եղել, հազարավոր ոչնչացվել են … Կա, որ ասեմ՝ չի եղել, չի լինում, դա էլ սուտ կլինի հաստատ, բայց գիտեմ, որ տրամադրվածություն կա էդ ամեն ինչը վերականգնելու: Կարծում եմ՝ այդպես կլինի:


-Սրճարանները սրճարաններ, բայց երբ աշունը գալիս է, և սրճարանները փակվում են, Ձեր կարծիքով՝ երիտասարդությունն ունի՞ ինչ-որ տեղ գնալու հնարավորություն, այսինքն՝ մշակութային հետաքրքիր կյանք Երևանում կա՞:


-Այն հաճախականությամբ, որ պետք է, մշակութային իրադարձություններ, չէ, չեն լինում, բայց, այնուամենայնիվ, լինում էլ են, կան: Ի վերջո, Երևանում կան թատրոններ, համերգասրահներ, որտեղ կյանքը չի դադարում, և միշտ գործունեությունը կա: Աչքով չտանք, մեր թատրոնը 30 տարի շարունակ, միշտ լեփ-լեցուն է՝ անկախ ինչ իրավիճակ է ու ինչ քաղաքական իրավիճակ է: Միգուցե, ճիշտ եք ասում՝ սրճարանները փակվեցին, երիտասարդությունը չգիտի ուր գնա: Բայց բաց վիճակում էլ իրենք պետք է իմանան, որ սրճարանն իր տեղն ունի, թատրոնը՝ իր, կինոն՝ իր, համերգասրահը՝ իր: Այսինքն՝ սա համատեղել է պետք, էլի: Էդ իմաստով, նորից հիշենք նախկին Երևանը մի քիչ ավելի լավ էր: Ու էն ժամանակ, նույնիսկ գովազդի հնարավորություն էլ չկար, պարզապես մի աֆիշ էր կախվում, ու քաղաքը գիտեր, որ ներկայացում կա, բոլորը գալիս էին: Հիմա դրա համար պետք է հատուկ գումարներ հայթայթես դրա համար, ու եթե էդ իմաստով ավելի աշխուժանար այստեղ կյանքը, շատ ավելի լավ կլիներ:

 

Նոստալգիան ավելի շատ վերաբերում է այն Երևանին, որտեղ դու երիտասարդ էիր. Արա Երնջակյան