Մայրաքաղաքում անցկացվել է «Երևանյան էսքիզներ» քաղաքաշինական էքսպո

13:50 • 12.10.14

Երևանում Ալեքսանդր Թամանյանի արձանի թիկունքում՝ խորհրդանշական վայրում, «Երևանյան էսքիզներ» քաղաքաշինական նախագծերի ցուցադրություն է անցկացվել։ Անցյալ տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության ծրագրում ներառված այս ցուցադրության հանդեպ քաղաքացիների հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ տոնակատարությունների ցանկում այն ավանդական դարձնելու վստահությամբ է անցկացվում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։



«Երևանյան էսքիզներ» քաղաքաշինական էքսպոյում ներկայացվում է Երևանի քաղաքաշինական պատմությունը՝ լավագույն նախագծերով, ինչպես նաև ապագայի նախագծեր։


Ամենահին անդրադարձը հենց Երևանի հիմնադրմանն է վերաբերում. Էրեբունի ամրոցի՝ որպես հնագիտական մեծ արժեքի արդիական մատուցումն է։ Ցուցահանդեսում ներկայացվել է ծրագրի մանրակերտը։ Ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել «Էրեբունի-Երևան 2800»-ին ընդառաջ։


«Երևանյան էսքիզներ» ցուցադրությունում ճարտարապետական տարբեր գրասենյակների, արվեստանոցների և փորձառու անհատ ճարտարապետների աշխատանքների կողքին ներկայացվել են նաև Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների լավագույն դիպլոմային աշխատանքները, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ծանոթանալու Երևանի քաղաքաշինական, ճարտարապետական մեծ նախագծերի պատմությանը, ներկային ու ապագա մտայնությանը։



 

 

 

Մայրաքաղաքում անցկացվել է «Երևանյան էսքիզներ» քաղաքաշինական էքսպո