Հայտնի է, թե ով կկատարի Սթիվ Ջոբսի դերը. ԶԼՄ-ներ
Ամերիկյան Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դերակատարի որոնումները շարունակվում են ավելի քան 1 տարի։ Որպես թեկնածուներ քննարկվել են Քրիստիան Բեյլը, Մեթ Դեյմոնը, Բեն Աֆլեքը և Բրեդլի Կուպերը։ Լեոնարդո Դի Կապրիոն համարվում էր գլխավոր թեկնածուն, ով, սակայն, վերջին պահին հրաժարվել է ֆիլմից՝ պատճառաբանելով նոր ֆիլմի նկարահանումները, գրում է Комсомольская правда-ն։
Եվ ահա Sony ընկերությունը կենտրոնացել է Քրիստիան Բեյլի վրա, և լուրեր են պտտվում, որ վերջինս արդեն ստացել է այդ դերը։
Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի հիման վրա խոշոր ֆիլմի նկարահանումը վստահել են Դենի Բոյլին՝ «Միլիոնատերը գետնախորշերից» ֆիլմի հայտնի ռեժիսոր և պրոդյուսերին։
Այս գիրքը Ջոբսի մասին ամենահայտնի գիրքն է և ամենաաղմկահարույց կենսագրականը վերջին տարիների ընթացքում։ Sony ընկերությունն էկրանավորման իրավունքը ստացել է՝ վճարելով ավելի քան 1 մլն դոլար։










