Այս պատկերները Օսմանյան Թուրքիայի անձնագրերն են. Ցեղասպանությունը համաշխարհային մամուլի էջերում ՝ Հայկ Դեմոյանի նոր գրքում

13:51 • 17.10.14

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ այսօր, հեղինակը հայտարարեց. «Այս պատկերներն Օսմանյան Թուրքիայի անձնագրերն են»:


Դեմոյանի խոսքով՝ համաշխարհային մամուլի էջերում պատկերված այդ տեսարանները հայ ժողովուրդը և աշխարհը հարյուր տարի առաջ են տեսել, սակայն այսօր էլ տեսարանները տեսնում են: Նույն ոճն է, նույն պայթյունը, նույն Դեյր-Էլ- Զորի եկեղեցու ավերումը:


«Այսօրվա Թուրքիան և նրա ղեկավարությունը ընդամենը մեկ հնարավորություն ունեն՝ կա՛մ ընդունել Օսմանյան կայսրության այս անձնագրավորումը, կա՛մ ձեռնպահ մնալ ու երբեք չխոսել արդար հիշողության մասին»,-ասաց նա:


Հայկ Դեմոյանը նաև հայտարարեց խորհրդանշական մի գործողության մեկնարկ՝ ասելով. «Այսուհետ ցանկացած ցուցադրություն, որը պատկերում է Ցեղասպանություն, երեք հասցեատեր ունի՝ Թուրքիայի Նախագահը, վարչապետը և արտաքին գործերի նախարարը: Ես հենց հիմա ստորագրում եմ այդ հայտարարության տակ: Մենք գիտենք ճանապարհները, թե ինչպես դա տեղ կհասցնենք»:


Գիրքը պատրաստված է երկու լեզուներով՝ հայերենով և անգլերենով: Պատկերազարդ այդ հատորում ամփոփված են եզակի նյութեր` քաղված 19-20-րդ դարերի արտասահմանյան մամուլից: Հավաքածուն համոզիչ ներկայացնում է մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Գրքում ներառված են անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական, ավստրիական, չեխական, գերմանական և նորվեգական մամուլի նյութերը:


Գրքի մասին կարծիք հայտնեց նաև շնորհանդեսին ներկա, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը. «Այն բոլոր մարդիկ, ովքեր ուզում են առերեսվել պատմության հետ, ունեն այդ հնարավորությունը, պարզապես պետք է թերթել այդ էջերը, այն էլ ոչ հայկական մամուլի, այլ՝ միջազգային: Այս գիրքը կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեր նախապատրաստական աշխատանքներում»:

 

 

«Այս աշխատությունը ցույց է տալիս, որ աշխարհում հիմնականում տեղյակ են եղել հայ ժողովրդի դեմ կատարվող ոճրագործության մասին, ու ամեն պետություն արձագանքել է այն չափով, որքանով որ կարողացել է, համապատասխանել է տվյալ պետության շահերին»,- գրքի շնորհանդեսին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:

 

 

Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցության շնորհիվ: «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր խոսքում ասաց, որ այս գիրքը ցույց է տալիս, որ հայերի կողքին եղել են այլազգիներ, ովքեր ընդունել են հայերի ցավը՝ որպես անձնական ցավ:


«Սա մեր երախտագիտության խոսքն է այն երկրներին, այն մարդկանց, ովքեր օգնել են հայերին: Մեր խմբի համար գրքի հրատարակմանն աջակցելը հուզումնալից, բովանդակային, պատվիր հարց է»,-ասաց նա:

 

 


 

Այս պատկերները Օսմանյան Թուրքիայի անձնագրերն են. Ցեղասպանությունը համաշխարհային մամուլի էջերում ՝ Հայկ Դեմոյանի նոր գրքում