Մեկնարկել է «Թատերական Լոռի» փառատոնը՝ նվիրված Սոս Սարգսյանի 85-ամյակին
Հոկտեմբերի 15-26-ը Լոռու մարզը և հատկապես Ալավերդի քաղաքը լցվելու են թատերական շնչով. մեկնարկել է իր երկարակեցությամբ հայտնի «Թատերական Լոռի» 22-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, փառատոնին մասնակցում են Հայաստանի և արտերկրից ժամանած 23 թատերախմբեր, որոնք Լոռվա տարբեր բնակավայրերում կբեմադրեն 33 ներկայացում:
«Դեռևս Խորհրդային միության տարիներին տարբեր երկրներից գալիս էին թատերախմբեր մասնակցելու Լոռվա փառատոնին, բայց 2006թ-ից սկսեցին մասնակցել ավելի շատ պրոֆեսիոնալ խմբեր, իսկ արդեն ներկայումս մասնակցում են միայն պրոֆեսիոնալ թատերախմբերը: Փառատոնի հիմնական նպատակն է՝ վերականգնել Ալավերդու մարած թատերական կյանքը և բավարարել լոռեցիների ներկայացումներ դիտելու ու մշակութային կյանքին հաղորդակից լինելու ցանկությանը»,-ասաց նա:
Այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր Ռումինիայից, Լիտվայից, Բելառուսից, Իրանից, ինչպես նաև Ռուսաստանից:
Ինչպես նշեց Հրաչյա Պապինյանը մեծ մրցանակներ սահմանված չեն մասնակիցների համար, սակայն տրվելու են հայ մեծանուն դերասանների անունով մրցանակներ, իսկ գլխավոր՝ Սոս Սարգսյանի անվան մրցանակը փառատոնի բացման օրը որոշվել է հանձնել Լոռու մարզպետին՝ փառատոնին աջակցելու համար:
«Մրցանակներ չենք սահմանել, դրանք միայն խրախուսական են ու անվանական են մեր մեծ դերասանների համար»,– ասաց նա:
«Թատերական Լոռի» փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, որի ընթացքում Ստեփանավանում կբացվի Սոս Սարգսյանի արձանը իր անունը կրող փողոցում:










