Ինչո՞ւ քանդել բարի ավանդույթները, իր ուրույն տեղը գտած մշակույթը. Լևոն Շարաֆյան. Life.panorama.am
Life.panorama.am-ը զրուցել է արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող սիրված ու ճանաչված դերասան Լևոն Շարաֆյանին:
-Պարո՛ն Շարաֆյան, որքա՞ն ժամանակ է Միացյալ Նահանգներում եք գտնվում:
-15 տարի է, բնակվում եմ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի Գլենդել քաղաքում: Մեծ քաղաք է, որտեղ ապրում է մոտավորապես 250-300 հազար հայ: Հսկա համայնք է՝ ազգությամբ հայ քաղաքապետով, ով, ի դեպ, ծնունդով Երևանցի գործունյա երիտասարդ է:
-Այդտեղ նաև շատ հայ կոլեգաներ ունեք, այո՞:
-Այո՛, այստեղ են ապրում շատ տաղանդավոր արվեստագետներ, իմ ընկերները, որոնց հետ միշտ շփվում եմ. Պապին Պողոսյան, Ռազմիկ Մանսուրյան, Շաքե Թուխմանյան, Ժան Նշանյան, Ալլա Թումանյան, Յակով Պապյան...Շատ են, բոլորին թվելու համար ժամանակ է պետք:
-Մեր արվեստագետները այդտեղ հե՞շտ են իրենց տեղը գտնում, թե՞ կախված են այս կամ այն հանգամանքից:
-Այն արվեստագետներն, ովքեր կախում չունեն լեզվից, հիմնականում իրենց գործով են զբաղվում, որով էլ կարողանում են հոգալ իրենց բազմաթիվ ֆինանսական ծախսերը: Խոսքս երգիչների և երաժիշտների մասին է: Օրինակ՝ Սամվել Երվինյանը նվագում է Յանիի խմբում, և, ի ուրախություն և ի հպարտություն մեզ, համարվում է խմբի առաջին «ջութակը»: Մենք՝ դերասաններս, անպայման ունենք մեր մշտական աշխատանքը, որով հոգում ենք կենցաղային ծախսերը, իսկ մնացած ժամանակը տրամադրում ենք հոգու սննդին՝ արվեստին: Իմ կարծիքով, լույս աշխարհ ենք եկել հենց դրա համար, թատրոնով ապրելու համար: Մեր մասնագիտությունը մեզ համար դառնում է հոբբի:
-Ի՞նչ ծավալի աշխատանք եք կատարել այդտեղ այս տարիների ընթացքում:
-Հանդես եմ եկել 17 տարբեր ներկայացումներում, նկարահանվել եմ 5 սերիալում, խաղացել 4 գեղարվեստական լիամետրաժ ֆիլմում: Վերջին երկու ֆիլմերում նկարահանվել եմ այս երկու տարիների ընթացքում: Դրանցից մեկի՝ «Հարսնացուն Վեգասից» ֆիլմի գլխավոր դերակատարը տղաս էր, ես խաղում էի նրա հոր դերը: Երկրորդ ֆիլմը դեռևս տեխնիկական ընթացքի մեջ է: Աստծո կամոք, պրեմիերան կկայանա դեկտեմբեր ամսին: Ֆիլմը կոչվում է «ԱՐՄՈ», հայ էմիգրանտի մասին է, ռեժիսորն է Քրիս Չամբերսը: Նկարահանվել է «Warner Brothers» ընկերության կողմից: Հուսով եմ, եթե Աստված կամենա, ֆիլմը կբերենք Հայաստան՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին:
-Փաստորեն, կարելի է ասել, գո՞հ եք այդտեղ ունեցած Ձեր զբաղվածությունից:
-Չգիտեմ, գործունեությունս շատ է, թե քիչ, բայց ես գոհ եմ: Միակ ցավն այն է, որ շատ եմ կարոտում Երևանը, ընկերներիս, իմ թատրոնը, իմ սիրած փողոցները, որոնցից, անշուշտ, քիչ բան է մնացել: Բայց ժամանակը գնում է, մենք մեծանում ենք, բնական է՝ քաղաքը նույնպես փոխվում է, փոփոխությունների կարիք զգում: Բայց ինչո՞ւ քանդել բարի ավանդույթները, տեղը թողնել դատարկ և կողքը փորձել կառուցել նորը՝ ոչինչ չավելացնելով հին, արդեն կյանքի փորձությունը անցած և իր ուրույն տեղը գտած մշակույթին: Ես դա գիտակցում եմ, բայց սրտով չեմ հասկանում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։










