Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցում կսովորեն 300 աշակերտներ

14:22 • 22.10.14

Բարերար Հովհաննես (Ջոն) Օյունջյանի կողմից ստեղծված «Օյումջյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով Գյումիում կառուցվել է «Վարդուհի» արվեստի դպրոցը՝ «Օյումջյան» միջնակարգ դպրոց-վարժարանին կից, որի բացումը տեղի ունեցավ այսօր՝ բարերարի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:


«Վարդուհի» արվեստի դպրոցում երեխաները հնարավորություն կունենան այցելել երգի, պարի, բալետի, քանդակագործության և այլ խմբակների: Վարժարանի աշակերտները խմբակներին կմասնակցեն անվճար, իսկ մյուս դպրոցների երեխաների համար կսահմանվի որոշակի վարձավճար: Ընդհանուր առմամբ՝ այս կրթօջախ կարող է հաճախել 300 երեխա:


Հովհաննես Օյունջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը միշտ նախընտրում է ներդրումներ անել կրթության բնագավառում, որովհետև կրթությունն է, որ մեր ազգի պատիվը պետք է բարձրացնի, իսկ կրթության կողքին է նաև մշակույթը:


«Կրթությունն է, որ երկար է ապրեցնում ազգին: Իմ նպատակն այն է, որ մեր բոլոր երեխաները զարգանան և ապագայի անձնավորություններ լինեն: Ուզում եմ, որ նրանք, ովքեր գաղթում են երկրից, չմոռանան հայրենիքը և նյութապես օգտակար լինեն»,-ասաց նա:


Հարցին, թե որն է իր պատգամը երեխաներին, նա պատասխանեց, որ երեխաներին միշտ ասում է՝ ներկայիս իշխանները ծերացել են և երեխաներն են այս երկրի ապագան:


«Իշխանությունը ձերն է լինելու և պետք է այնպես անեք, որ քաղաքակիրթ ժողովուրդ լինենք: Քիչ մը բարեգործություն ունենանք, քիչ մը ավելի ժողովրդին օգնենք, և այդ գողությունները վերանան, երկիրը ոտքի ըլլա: Մեր իշխաններին չեմ քննադատեր, բայց կուզեմ, որ անոնք ազգային ըլլան, ժողովուրդը սիրեն և ժողովրդի համար աշխատեն, ոչ թե իրենց»,-ասաց նա:


Անդրադառնալով հարցին, թե ինչու է դպրոցը նվիրել իր քրոջ՝ Վարդուհու հիշատակին, պատմեց, որ երբ ինքը 15 օրական փոքրիկ է եղել, թուրքերը հարձակվել են իրենց գյուղի վրա, քույրն իրեն գրկած՝ կռացած քայլել է երկար ժամանակ՝ իր մարմնով ծածկելով եղբորը թշնամու գնդակներից:


ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ընդգծեց, որ հանրակրթական դպրոցի և արվեստի դպրոցի հիանալի համադրություն է ստացվել և լավ կլինի, որ այս գաղափարը տարածվի:


«Երեխաները հանրակրթության ժամերը վերջացնում են և միջանցքով ուղիղ անցնում են գեղարվեստական մշակութային դաշտ: Կարծում եմ, որ շատ արդյունավետ ու աշխատող տարբերակ է։ Պետք է մի ձևաչափ լինի, որը այսուհետ նաև այլ քաղաքներում այլ միջավայրերում կիրառվի: Շատ տպավորիչ է, որ արվեստի դպրոցը այսօր ներառում է այն առարկաները, որոնք շատ քիչ են դասավանդվում Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես դասական պարի ուսուցումը»,-ասաց նա:


Նշենք, որ Հովհաննես Օյունջյանը ծնվել է 1920թ-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում: Բժշկի կրթություն է ստացել Ստամբուլի համալսարանում և տեղափոխվել ԱՄՆ և հիմնել իր հիվանդանոցը: Կյանքի խնայողությունները ներդրել է հայրենիքում:


Նշենք, որ դպրոցի բացման արարողությանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բարերարին շնորհեց մարզի «պատվավոր քաղաքացու» կոչում, իսկ Հասմիկ Պողոսյանը՝ «Ոսկե մեդալ»:


 


 







 

Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցում կսովորեն 300 աշակերտներ