Երևանին քաղաքապետարանում «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդես է բացվել

15:49 • 23.10.14

Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ու Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ ձևավորված համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացվել է երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի ռազմագերիների, հարկադիր աշխատանք կատարած և Լենինգրադի շրջափակման ժամանակ տուժած 23 անձանց կյանքի պատմությունը:


Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ցուցահանդեսը կազմակերպվել է «Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը» ծրագրի շրջանակում, որով 2001-2014 թվականներին Կարմիր խաչի կողմից ամեն տարի ավելի քան 150 հոգու, այդ թվում տարեցների, ցուցաբերվել է սոցիալական աջակցություն:


Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ԳԿԽ Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն, ԳԿԽ ԲՎԵԿ արտաքին հարաբերությունների վարչության պետ Միխայիլ Ուիբելը, կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Մովսես Պողոսյանը:


Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է սոցիալական ուղղվածության մշակութային բաղադրիչով նման նախաձեռնությունները:


Դեսպան Ռայներ Մորելն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին ցուցահանդեսի անցկացման և համատեղ այլ ծրագրերի իրականացման հարցում մշտական աջակցության համար և առանձնացրել պատերազմի տարիներին տուժած անձանց նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ու հիշատակման կարևորությունը:


Այնուհետ ցուցահանդեսի հեղինակ Ֆաբիան Բուրկհարդտին հյուրերին առավել մանրամասն ծանոթացրել է ծրագրով իրականացված աշխատանքներին ու ցուցահանդեսում ներկայացված անձանց պատմություններին:

 

 

Երևանին քաղաքապետարանում «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդես է բացվել