Տեղի է ունեցել «Կիրովաբադի ինքնապաշտպանությունը 1988-89թթ.» գրքի շնորհանդեսը

14:00 • 23.10.14

ՀՀ ԳԱԱ-ում այսօր տեղի ունեցավ «Կիրովաբադի ինքնապաշտպանությունը 1988-89թթ.» գրքի շնորհանդեսը, որի հեղինակներ են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և ինքնապաշտպանության վերաբերյալ նյութերի հեղինակ, իրավիճակի կազմակերպիչ ու մասնակից Գրիշա Օգանեզովը:


Խոսելով ինքնապաշտպանությունների մասին՝ Հրանուշ Խառատյանն ասաց, թե Կիրովաբադում տեղի ունեցածը զարմանալի դեպք էր այդպիսի ծայրահեղ վիճակում հայտնված մարդկանց համար:


«Մարդիկ այդ ժամանակ պատմականության խնդիր չէին դնում, այլ իրենք իրենց գործն էին անում, և հենց իրենք իրենց տեսածը, տուժածների վկայությունները ձայնագրել, լուսանկարել, գրանցել, փաստաթղթավորել են: Բազմաթիվ չարիքներով անցնելով՝ այդ մարդիկ ևս մեկ անգամ հավատացել են ԽՍՀՄ դատախազությանը՝ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ են հանձնել նրանց, և այդ նյութերն անհետացել են: Հուսանք, որ դրանք երբևէ ի հայտ կգան»,-ասաց Հրանուշ Խառատյանը՝ նշելով, որ գրքում ներկայացված են և՛ ստորին օղակի մարդիկ, և՛ իշխանությունները:


Գրիշա Օգանեզովն էլ իր հերթին ասաց, թե գրքի նպատակը միայն այն չէ, որ այն պատասխան տա ապագա սերունդների հարցերին:


«Գիրքը հրատարակելը ես չէի ուզում այնպես ստացվեր, թե մեզ այնտեղ ջարդել են, փաստ է, որ մենք կազմակերպվել ենք և ահագին քիչ զոհ ենք տվել: Շատ կարևոր է նաև, որ այս գրքին ծանոթանան նաև ադրբեջանցի երիտասարդները, որովհետև իրենք իրենց պատմության մասին շատ քիչ բան գիտեն»,-ընդգծեց գրքի հեղինակ Գրիշա Օգանեզովը:


 

 

Տեղի է ունեցել «Կիրովաբադի ինքնապաշտպանությունը 1988-89թթ.» գրքի շնորհանդեսը