Ջեկի Չանը կնկարահանվի Հնդկաստանի և Չինաստանի համատեղ ֆիլմում
Մարտարվեստների վարպետ, հայտնի դերասան Ջեկի Չանը կնկարահանվի առաջին համատեղ ֆիլմում, որի աշխատանքներին կմասնակցեն Հնդկաստանը և Չինաստանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Երկու երկրների կինոգործիչների համար դա մեծ իրադարձություն է։ Աշխատանքային «Քունգֆու յոգա» անվանումով կատակերգության թողարկումը կդառնա Պեկինի և Դելիի միջև ջերմության ևս մեկ խորհրդանիշ։
Հնդկական պարբերականները հայտնում են, որ կինոգործիչների առաջին համատեղ աշխատանքին «կանաչ լույս» է տվել Չինաստանի նախագահ Սի Ձինպինի՝ Նյու Դելի կատարած այցը, որի ընթացքում ստորագրվել է ֆիլմի նկարահանումները սկսելու մասին փաստաթուղթ։
Դեռ հայտնի չէ, թե ով կնկարահանվի ֆիլմում, բացի Ջեկի Չանից։ Դերասանների ընտրությամբ կզբաղվի չինացի ռեժիսոր Սթենլի Տոնգը։










