Pink Floyd-ի նոր ալբոմը նախնական պատվերների թվով գերազանցել է Amazon կայքի բոլոր ռեկորդները
Բրիտանական Pink Floyd ռոք խումբը, որը պատրաստվում է The Endless River ալբոմի թողարկմանը, գլխավորել է մենասպասվող երաժշտական նորույթների ցուցակը և նախնական պատվերների թվով գերազանցել է բոլոր ռեկորդները Amazon ինտերնետ-խանութում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent թերթին:
Այսպիսով, սկավառակը, որը կթողարկվի մոտավորապես երկու շաբաթ հետո, ժողովրդականությամբ արդեն առաջ է անցել Coldplay խմբի Ghost Stories ալբոմից և բոլոր ժամանակների ամենապատվիրվող ալբոմից՝ One Direction խմբի Midnight Memories-ից, որը թողարկվել Է 2013 թվականին:
Ավելի վաղ Pink Floyd-ի մասնակիցները հավաստել են, որ ապագա սկավառակը վերջինը կդառնա խմբի պատմության մեջ: «Սա կլինի մեր վերջին ստեղծագործությունը»,-նշել են թմբկահար Նիք Մեյսոնը և կիթառահար Դևիդ Գիլմորը:
Նոր ալբոմը, որը բաղկացած Է 1993 թվականին The Division Bell սկավառակի համար ձայնագրված կոմպոզիցիաներից, վաճառքի դուրս կհանվի նոյեմբերի 10-ին:
The Endless River-ը ներառում է գործիքային 17 կոմպոզիցիաներ (դրանցից մեկը ձայնագրվել Է բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի մասնակցությամբ, որի ձայնը կլսվի Talkin' Hawkin երգում) և մեկ երգ՝ Louder Than Words-ը: Տեքստի հեղինակն Է Գիլմորի կինը Պոլլի Սեմսոնը:
Բրիտանական Pink Floyd խումբը, որը հայտնի է իր փիլիսոփայական տեքստերով, երաժշտական փորձարարությամբ, սկավառակների ինովացիոն ձևավորումներով և վիթխարի շոուներով, կազմավորվել է 1965 թվականին: Իր գոյության ժամանակաշրջանում կոլեկտիվը ձայնագրել Է 14 ստուդիական ալբոմ, որոնք ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 200 միլիոն օրինակ տպաքանակով: 1994 թվականին խումբը ցրվել Է, սակայն 2005 թվականին կրկին միացել Է, որպեսզի վերջին ելույթին ներկայանան դասական կազմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










