Հայաստանում 2015թ.-ին կանցկացվեն Մեքսիկայի մշակույթի օրեր

11:15 • 24.10.14

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։


Ողջունելով հյուրին` նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև աշխարհագրական հեռավորությունը հայ-մեքսիկական մշակութային հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման գործում խոչընդոտ չի հանդիսանա:


Այնուհետև նախարար Պողոսյանն անդրադարձել է 2011 թվականին Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրերին, որի շրջանակում անցկացվել են մանկական գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների, Մեքսիկայի պատմությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսներ, ինչպես նաև մեքսիկական ֆիլմերի ցուցադրություն:


Զրույցի ընթացքում Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ հայ-մեքսիկական իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և մշակութային փոխանակումների իրականացման լավագույն դրսևորումն է առաջիկայում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում 2015-2019 թթ. համար» համագործակցության ծրագրի ստորագրումը:


Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` նախարար Պողոսյանը կարևորել է «ՊՌՈՏՌԱԴ» մեքսիկական ստեղծագործությունների թարգմանության աջակցության գրական հրատարակչական ծրագիրը և դրա շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև Գվադալախարայի գրքի միջազգային տոնավաճառին հայկական կողմի մասնակցությունը, որը իսպանալեզու գրահրատարակչական արտադրանքի ամենակարևոր հարթակներից է:


Զրույցի ընթացքում քննարկվել է 2015 թվականին Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրեր անցկացնելու հարցը, որի արդյունքում նախանշվել է օրերի ձևաչափը և ոլորտները. գրական-թարգմանական՝ հայկական հեքիաթների թարգմանություն, մեքսիկացի երեխաների կողմից արված նկարազարդումներով և հակառակը՝ մեքսիկական հեքիաթների թարգմանություն, որոնք կնկարազարդվեն հայ երեխաների կողմից:


ՀՀ մշակույթի նախարարը դեսպան Բելտրան Գեռերոյին առաջարկել է նաև, մշակույթի օրերի ընթացքում, հայաստանյան արվեստասեր հանրությանը ներկայացնել մեքսիկական ազգային երաժշտության համերգ, խեցեգործական աշխատանքների ցուցահանդես և ազգային խոհանոց:


Հանդիպման ավարտին դեսպան Բելտրան Գեռերոն շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության, հետաքրքիր, կարևոր ծրագրերի նախանշման և հայ-մեքսիկական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

 

 

 


 

Հայաստանում 2015թ.-ին կանցկացվեն Մեքսիկայի մշակույթի օրեր