«Երևան շոու 2014». աշխարհի 27 երկրներից ժամանած ոսկերիչները ներկայացրին իրենց աշխատանքները

13:20 • 25.10.14

Մեկնարկել է «Երևան շոու 2014» 4-րդ ոսկերչական ցուցահանդեսը, որը կազմակերպել է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը նորաբաց «Մերիդիան» էքսպո կենտրոնում:


Ցուցահանդեսն այս տարի հյուրընկալել է շուրջ 27 երկրների հայտնի ոսկերչական ու ժամագործական ավելի քան 100 մասնակից ընկերություն: Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում են 25 ընկերություններ:


Ինչպես այսօր ցուցահանդեսին ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ցուցահանդեսը արդյունավետ մի հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից գալով Հայաստան ծանոթանում են տեղի ոսկերիչների աշխատանքներին, ինչպես նաև իրենց ներդրումն են ունենում Հայաստանում ոսկերչական գործի կայացման գործում:


«Ոսկերիչներն իրենց գործունեությամբ նպաստում են մեր տնտեսության զարգացմանը: Ցուցահանդեսը նպաստում է տարբեր երկրների ու հայ ոսկերիչների միջև համագործակցության ընդլայնմանը, նորամուծությունների ներմուծմանն ու կիրառմանը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման համար»,-ասաց նա:


Ցուցահանդեսին մասնակցելու համար Լիբանանից Հայաստան եկած ոսկերիչ Հակոբ Դակեսյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամն է մասնակցում այս ցուցահանդեսին, որի միջոցով փորձում է գործնական կապեր հաստատել ԱՊՀ երկրներից ժամանած ոսկերիչների հետ: Խոսելով Հայաստանում և Լիբանանում պատրաստվող զարդերի տարբերությունների մասին՝ նա նշեց, որ հայակական շուկայում դիզայնի խնդիր կա:


«Այստեղ շատ լավ արհեստավորներ կան, շատ լավ ոսկերիչներ, բայց դիզայների տարբերություն կա: Չգիտեմ դեռ թե ինչ հնարավորություն կտա այս էքսպոն, բայց դեռևս մեկ ժամ է անցել, դեռ հույսերով ենք, որ լավ կապեր ենք հաստատելու»,- ասաց նա:


Ամերիկայից եկած ոսկերիչ Տիգրան Սարգսյանը, ով հիմնականում ներկայացնում էր հայ պատմական հերոսների դեմքերով պատրաստված տարբեր զարդեր, նշեց, որ իր այդ մտահղացումը նորույթ է և որոշել է բերել հայրենիք ու բոլորին ցույց տալ: Տիգրան Սարգսյանը այս շարքը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


«Ես, ճիշտ է, Ամերիկայում եմ աշխատում, բայց հայրենիքում հաստատվելը շատ կարևոր է, որովհետև երբ դու հայրենիքում հաստատվում ես, հաստատվում ես նաև օտար երկրում»,-ասաց նա:


Անդրադառնալով տեղի շուկային, նշեց, որ շատ խորը չի ուսումնասիրել, բայց այցելելով ոսկյա զարդերի խանութներ մի բան է նկատել. «Չեմ տեսել հետաքրքիր ու տարբերվող աշխատանքներ, ոսկերչությունը անհատական բնույթ է կրում, աշխարհում միլիարդավոր տեսակներ է դուրս գալիս ու, իհարկե, դժվար է տարբերվել, բայց չի կարելի հույսը դնել համակարգչային աշխատանքի վրա ու սարքավորումներով ամեն ինչ անել, գալիս է այն ժամանակը, երբ մարդիկ ձեռքի յուրօրինակ աշխատանքներ են ուզում գնել»,-ասաց նա:

















 

«Երևան շոու 2014». աշխարհի 27 երկրներից ժամանած ոսկերիչները ներկայացրին իրենց աշխատանքները