Թուրք պատմաբաններն ունենալու են Հայաստանին քննադատելու ևս մեկ առիթ. տպագրվել է «Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագիրքը
Տպագրվել է «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագիրքը, որը առաջին հայկական դասագիրքն է Թուրքիայի Հանրապետության պատմության վերաբերյալ: Այն ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատվել է որպես բուհական դասագիրք՝ ողջ Հայաստանի բուհական հաստատությունների համար:
«Վստահ եմ, որ օբյեկտիվ կամ այլընտրանքային թուրք գիտնականները դրական են գնահատելու այս դասագիրքը, իսկ թուրքական պաշտոնական թևը ներկայացնող թուրք պատմաբաններն ունենալու են Հայաստանին և հայությանը քննադատելու ևս մեկ առիթ, քանի որ դասագրքով բացահայտվում է նրանց պետության, գաղափարախոսության իրական և խորքային բնույթը»,- Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացնելով դասագրքի մասին՝ ասաց հեղինակներից մեկը՝ թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ում և մի շարք այլ բուհերում դասավանդվում է Թուրքիայի պատմություն առարկան, բայց մինչ օրս մենք չունեինք համապատասխան դասագրքեր, եղածներն էլ խորհրդային միության ժամանակաշրջանի դասագրքեր էին, որտեղ հայ ժողովրդի շահերին հակասող փաստեր էին ներկայացված:
«Քեմալական շարժումը, որի արդյունքում հազարավոր հայեր են կոտորվել և մենք կորցրել ենք մեր պատմական հայրենիքի մի մասը, այդ դասագրքերում ներկայացվում էր որպես թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքար: Բացի այդ, նորագույն պատմության վերաբերյալ աշխատությունները բացակայում են և դա խնդիր է առաջացնում ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար»,- ասաց թուրքագետը՝ նշելով. «Մի խումբ թուրքագետներով նախաձեռնել էինք այս աշխատանքները, մեզ հետ էր նաև ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ով ինչպես հեղինակել է մի գլուխ, այնպես էլ խմբագրել է ընդհանուր դասագիրքը»:
Թուրքագետի ներկայացմամբ՝ դասագիրքը վերաբերում է 1918-2011թթ Թուրքիայի պատմությանը, ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության ձևավորումը, քեմալական շարժումը՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, այնուհետև հանրապետության պատմությունը՝ սկսած 1923 թվականից, կարևոր իրադարձությունները, հատկապես շեշտադրվում է Թուրքիայի քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների և մասնավորապես հայերի նկատմամբ:
«Դրանով նաև ցույց է տրվում, որ այն ցեղասպան քաղաքականությունը, որը եղել է օսմանյան կայսրությունում, որոշակի փոխակերպմամբ շարունակվել է նաև Թուրքիայի Հանրապետությունում: Վերջին շրջանի իրադարձությունների մասով էլ անդրադարձ է արված հայ-թուրքական արձանագրություններին, դրանց շուրջ ծավալված գործընթացին, նաև ներթուրքական տարատեսակ զարգացումներին»,- ներկայացրեց Ռուբեն Մելքոնյանը:
Գրքում նաև ներկայացված է Թուրքիայի կարևոր պետական գործիչների կենսագրությունները, առանցքային կուսակցությունների պատմությունը, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության պատմության ընդհանուր ժամանակագրությունը՝ կարևոր իրադարձություններով:
Որպես սկիզբ է ընդունվել քեմալական ազգայնամոլական շարժումը, որը կարողացավ հաղթանակի հասնել, վերացնել սուլթանությունը, ստեղծել Հանրապետական Թուրքիա:
«Այդ գաղափարախոսությունն այսօր եվրոպական թուրքագիտության մեջ համարվում է ֆաշիզմ, և այն շարունակվել է մինչև մեր օրերը: Այն բոլոր հակահայկական դրսևորումները, որ լինում են հայերի նկատմամբ, այն թշնամանքը, որ կա Թուրքիայի վերնախավի մոտ, հենց այդ գաղափարախոսության դրսևորումն է: Մենք նաև մանրակրկիտ անդրադարձել ենք այդ գաղափարախոսությանը»,-տեղեկացրեց Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ դասագրքում անդրադարձ է արված Թուրքիայի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության բոլոր զարգացումներին, և՛ փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությանը:
Ռուբեն Մելքոնյանի մեկնաբանմամբ՝ այս դասագրքի նշանակությունը մի քանի ոլորտում է. առաջինը գիտական է, քանի որ մինչ այս հայկական գիտությունը երբևէ չի անդրադարձել այս թեմաներին և նման դասագիրք չի եղել:
«Մյուսն՝ ուսումնական նշանակությունն է. իրականում այս դասագիրքը մեծ նվեր է մեր ուսանողներին, որոնք այլևս ստիպված չեն լինելու Թուրքիայի նորագույն շրջանի պատմությունը ուսանել խորհրդային հնացած և շատ հաճախ մեր ազգային խնդիրներին հակասող ռուսալեզու դասագրքերով: Հաջորդ կարևոր նշանակությունը քաղաքականն է, քանի որ այս դասագրքում արվել են բոլոր այն շեշտադրումները, որոնք համապատասխանում են հայկական պետական և ազգային շահերին, և, որ ամենակարևորն է՝ օբյեկտիվ դիրքերից»,– ասաց նա:
«Մենք ոչ թե պատմությունը հարմարեցրել ենք մեր շահերին, այլ օբյեկտիվորեն ներկայացրել ենք Թուրքիայի պատմությունն իր ամբողջ խորքային ազգայնամոլական, ֆաշիստական դրսևորումներով»,-եզրափակեց թուրքագետը:
Նախատեսվում է, որ գրքի շնորհանդեսը կլինի նոյեմբերի կեսերին:










