Յոհան Սեբաստիան Բախի որոշ ստեղծագործությունների հեղինակը նրա կինն է. ԶԼՄ-ներ

12:36 • 27.10.14

Գերմանացի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի մի շարք հայտնի ստեղծագործություններ ստեղծվել են, հավանաբար, նրա կնոջ՝ Աննա Մագդալենայի կողմից։ Նման սենսացիոն հայտարարություն է արել Ավստրալիայի Չառլզ Դարվինի անվան համալսարանի երաժշտության պրոֆեսոր Մարտին Ջարվիսը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ լոնդոնյան The Sunday Times պարբերականին հղումով։

 

«Բախի ստեղծագործությունների «կանացի ծագման» մասին տեսությունն առաջին անգամ Ջարվիսը հայտնել է 2006-ին, սակայն միջազգային հանրությունը նրա հայտարարությունը լուրջ չէր ընդունել։ Հետագա տարիներին պրոֆեսորը մանրակրկիտ հետազոտություններ է անցկացրել, որոնք նորովի են ներկայացնում նրա համոզմունքները»,- գրում է պարբերականը։

 

Բախի երաժշտական ձեռագրերի նորագույն վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցից ոմանք ստեղծվել են նրա կնոջ ձեռքով։ Օրինակ՝ Աննա Մագդալենան որոշ փոփոխություններ է արել, որոնք լավացրել են մեղեդին և հստակեցրել ռիթմը։ «Այդ եզրակացություններն արվել են ամերիկացի քրեագետի և ձեռագրերի գծով մասնագետի կողմից ուսումնասիրությունների արդյունքում»,- գրում է պարբերականը։

 

Բախի կինը շատ լավ երաժշտական կրթություն է ունեցել և եղել է երգչուհի։ Նա զբաղվել է նաև նոտաների արտագրությամբ։

 

Մարտին Ջարվիսը և մի շարք մասնագետներ կարծում են, որ Բախի ձեռագրերի մի մասը նրա կնոջ ստեղծագործություններն են։

 

«Նոտաները գրելիս ձեռքի շարժման բնույթը, ուղղումները, ամեն ինչ խոսում է այն մասին, որ Աննա Մագդալենան ոչ թե պարզապես արտագրել է ամուսնու երաժշտական ստեղծագործությունները, այլև ստեղծել է դրանք»,- ասել է քրեագետ Հեյդի Հարալսոնը։

 

Մասնագետները կասկածանքով են վերաբերվում նաև այն փաստին, որ Մագդալենայի արխիվը ոչնչացվել է Բախի բարեկամների կողմից՝ անմիջապես նրա մահից հետո։
 

Յոհան Սեբաստիան Բախի որոշ ստեղծագործությունների հեղինակը նրա կինն է. ԶԼՄ-ներ