Պենտագոնը ներգրավել է ֆանտաստ գրող Այզեք Ազիմովին հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման գործում
Պենտագոնը նոր սպառազինության ստեղծման աշխատանքների համար ներգրավել է ֆանտաստ գրողների, որպեսզի ստեղծագործական ազդակ հաղորդի գիտական խմբերին, գրում է ТАСС-ը՝ հղում անելով The Times լոնդոնյան թերթին:
Պարբերականի համաձայն՝ հայտնի ֆանտաստ գրող Այզեք Ազիմովը 1959 թվականին ներգրավվել է ԱՄՆ զինված ուժերի գաղտնի հետազոտական ստորաբաժանումներում՝ որպես ազգային հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման խորհրդական:
«Կառավարությունը հասկանում էր, որ գոյություն ունեցող տեխնոլոգիաների ոչ մի բարելավում չեն տա պահանջվող արդյունքը: Վաշինգտոնը ցանկանում էր, որպեսզի նախագծողների խումբն այլ մասնագետների հետ առաջարկի բոլորովին նոր և օրիգինալ ճանապարհ»,- ասել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծողներից Արթուր Օբերմայերը:
«Ազիմովը մասնակցել է նիստերին, սակայն հրաժարվել է ամբողջովին իրեն նվիրել այդ նախագծին՝ անհանգստանալով իր խոսքի ազատության և գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստանալու հեռանկարի առնչությամբ,- գրում է պարբերականը: - Բայց խորհուրդը լքելուց առաջ նա ներկայացրել է գրություններ, որտեղ մշակվել են անհրաժեշտ արդյունքը ստանալու համար մոտեցումները»:
Օբերմայերը պնդում է, որ վերջերս հայտնաբերել է Ազիմովի այդ ձեռագրերը, որոնք, իր կարծիքով, այժմ էլ պահպանում են իրենց ակտուալությունը:
Առաջարկների մեծ մասը վերաբերել է ստեղծագործական միջավայրի ստեղծմանը, որը նպաստում է գիտական լուծումներ գտնելուն:










