Նորվեգիայում կկառուցեն Մունկի նոր թանգարանը
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կհայտնվի հայտնի գեղանկարիչ, գրաֆիկ և առաջին էքսպրեսիոնիստներից մեկի՝ Էդվարդ Մունկի նոր թանգարանը։ Համալիրի շինարարությունը կսկսվի 2015թ. սկզբին, գրում է ДНИ.ru-ն։
Հատկանշական է, որ Օսլոյում արդեն կա նկարչի թանգարանը, որը բացվել է 1963-ին։ Եվ նոր թանգարան բացելու շուրջ վեճերը շարունակվում էին ավելի քան 6 տարի։
2.8 մլրդ կրոն (մոտ 430 մլն դոլար) արժողությամբ շինության կառուցումը նախատեսված է Բյորվիկ թաղամասում։ Ֆուտուրիստիկ ապակե կառույցի գաղափարն առաջացել է դեռևս 2009-ին իսպանական ճարտարապետական բյուրոյում, որը շահել է շինարարության մրցույթում։ Սակայն ճգնաժամի պատճառով թանգարանի ստեղծումը հետաձգվել էր։
Նոր թանգարանը պետք է բացվի 2019-ին։ Այստեղ, հավանաբար, առաջին անգամ կցուցադրվեն Մունկի քիչ հայտնի նկարները և վիմագրությունները, ինչպես նաև նկարչի գրառումները և տետրերը։










