Ուկրաինայում 6.000-ամյա հեթանոսական տաճար է հայտնաբերվել (լուսանկարներ)
Ուկրաինայի տարածքում՝ այժմյան Նեբելիվկա գյուղի մոտակայքում, 6.000-ամյա տաճար է հայտնաբերվել։ Այն 2-հարկանի շինություն է (60x20մետր), որն ունի մի քանի բաժանված սենյակներ և հատուկ խորան, որի վրա հայտնաբերվել են այրված ոչխարների մնացորդներ, գրում է Daily Mail-ը։
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի մասնագետները նշել են, որ շինության մեջ եղել է ավելի քան 7 խորան, որոնցում հայտնաբերվել են բազմաթիվ ծիսական առարկաներ, խեցեղենի բեկորներ և կենդանիների մնացորդներ։
Գտնվել են նաև կավե արձանիկներ, որոնք, կարծես, կտուցներ ունեն և միյանցից տարբերվում են չափսերով։
Այն պատրաստված է փայտից և կավից, ներսի հարդարանքն ունեցել է կրոնական բնույթ, իսկ պատերը ներկված են եղել կարմիր գույնով, ունեցել է նաև բակ։
Հեթանոսական տաճարը հայտնաբերվել է նախնադարյան բնակավայրի պեղումների ժամանակ, որն ունեցել է 238 հեկտար տարածք։ Հնարավոր է՝ այդ բնակավայրն ունեցել է 50 փողոց և ավելի քան 1.200 այլ շինություն։
Նշվում է, որ շինության մասին հնագետները տեղեկացել են դեռ 2009-ին, սակայն նրանցից բավական երկար ժամանակ է պահանջվել տարածքն ամբողջությամբ ուսումնասիրելու և շինությունները գետնի տակից հանելու համար։
Հնագետները եզրակացնում են, որ բնակիչները լքել են տարածքը՝ այրելով տաճարը։

















