Բեն Աֆլեքը և Զակ Սնայդերը կոչ են անում փրկել չղջիկներին (տեսանյութ)
«Բեթմենը Սուպերհերոսի դեմ» ֆիլմի թիմը հանդես է եկել ի պաշտպանություն չղջիկների։ Դերասաններ Բեն Աֆլեքը և Էմի Ադամսը, ինչպես նաև ռեժիսոր Զակ Սնայդերը, խնդրել են երկրպագուներին ուշադիր լինել կենդանիների խնդիրների հանդեպ և պատմել են, թե ինչ օգուտ են տալիս այդ արարածները։ Դրա համար աստղերը ձայնագրել են հաղորդագրություն իրենց ֆիլմի նկարահանումների հրապարակում, գրում է filmpro.ru-ն։
Կինոգործիչներն ուշադրություն են հրավիրում վտանգի հանդեպ, որն առաջացել է Հյուսիսային Ամերիկայում չղջիկների պոպուլյացիայի համար։ Մասնագետները սկսել են նկատել, որ գիշերային կենդանիների մոտ սնկեր են առաջանում, որոնք աճում են մարմնի և դեմքի վրա և հանգեցնում քաշի նվազեցման և մահվան։ Ամերիկյան կառավարության տվյալներով՝ հիվանդությունն արդեն մինչև 6 մլն չղջիկ է ոչնչացրել և արագորեն տարածվում է։ Այդ հիվանդության օջախները նկատվել են ԱՄՆ-ի ամբողջ տարածքում և Կանադայում։
Դերասանները նշում են, որ չղջիկների զանգվածային ոչնչացումը կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Այս կենդանիների մեծ մասը սնվում է միջատներով, և առանց նրանց օգնության էկոհամակարգը կարող է փոխվել, դաշտերում կհայտնվեն մեծ թվով մակաբույծներ։
Աֆլեքը, Ադամսը և Սնայդերն իրենց տեսանյութում խոստանում են կառուցել սեփական արգելոցները չղջիկների համար և խնդրում են մարդկանց միանալ իրենց նախաձեռնությանը։










