ՀՀ–ում Գերմանիայի և Մեծ Բրիտանական դեսպանատները Առաջին աշխարհամարտի ոգեկոչման միջոցառումներ կկազմակերպեն
Հայաստանում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առիթով պատերազմի զոհերի ոգեկոչման և այլ խորհրդանշական միջոցառումներ կիրականացնեն Հայաստանում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Եվրոպական պետությունների միջև պատերազմ հայտարարվեց, և բոլորը կարծում էին, որ այն կավարտվի մինչև Ծննդյան տոները և տևեց 4 տարի և միլիոնավոր զոհերի ու ավերածությունների պատճառ դարձավ»,- նշեց Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Հիշեցնենք, որ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է 16 միլիոն մարդ, որոնցից 9 միլիոնը զինվորականներ էին, 7 միլիոնը՝ քաղաքացիական անձինք:
Տիկին դեսպանը չմոռացավ հիշատակել վերջիններիս թվում նաև նույն ժամանակահատվածում Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայերին:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը ի լրումն ավելացրեց, որ 1945 թվականից հետո Եվրոպան մտածում էր, ինչպես պետք է վերականգնվի, ինչպես բուժի իր վերքերը։ Նրա խոսքով՝ Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունները մարդկությանը մտածելու տեղիք են տալիս մինչ օրս:
«Մեր ձեռքբերումը ներկայումս Եվրամիությունն է, որը ծնվեց Երկրորդ աշխարհամարտից հետո, մի քանի փուլերի արդյունքում, որն այժմ իրենից ներկայացնում է խաղաղության գոտի»,-ասաց Ռայներ Մորելը:
Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցի առթիվ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատների համատեղ ջանքերով կանցկացվեն հետևյալ միջոցառումները՝
• Հոկտեմբերի 31-ին այցելություն Գյումրի՝ Բայրոնի անվան դպրոց, որտեղ Գյումրու թիվ 25 դպրոցի աշակերտների հետ միասին երկու դեսպանները պարտեզում կտնկեն կակաչներ, որոնք խորհրդանշում են Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը:
• Նոյեմբերի 10-ին Երևանի սուրբ Զորավար եկեղեցում կիրականացվի ժամերգություն ՝ ի հիշատակ զոհերի, և ժամերգությունը կիրականացնի Երևանում Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ հայր Ջոնը:
• Հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, երբ լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի օրը, Երևանի սուրբ Զորավար եկեղեցում զոհերի հիշատակին նվիրված ժամերգությունը հայր Ջոնի հետ միասին կիրականացնի նաև գերմանական բողոքական եկեղեցու ներկայացուցիչ հայր Քինդերլենը: Ժամը 11-ին կլինի մեկ րոպե լռության արարողություն:
• Նոյեմբերի 16-ին Գերմանիայի դեսպանատան հրավերով Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչները կայցելեն Երևանում Գերմանիայի դեսպանատուն:
• Դեկտեմբերի 5-ին Սուրբ ծննդյան խաղաղության ֆուտբոլային խաղ կլինի երկու դեսպանատների մասնակցությամբ, ինչը խորհրդանշում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի և բրիտանացի ֆուտբոլիստների խաղի ընթացքում ոչ մի կրակոց չի հնչել:










