Կուբայի մայրաքաղաքում բացվել է բալետի միջազգային փառատոնը
Կուբայի մայրաքաղաքում երեկ բացվել է Բալետի 24-րդ միջազգային փառատոնը՝ բոլոր սերունդների պարողների ավանդական շքերթով և կազմակերպիչների ողջույնի խոսքերով, գրում է newsru.com-ը։
Այս տարի փառատոնը նվիրված է անգլիացի աշխարհահռչակ գրող Շեքսպիրի 450-ամյակին։ Փառատոնի օրերին Կուբայի ազգային բալետը կցուցադրի շեքսպիրյան 2 պատմություն՝ տեսարաններ «Համլետ» և «Օթելո» պիեսներից։
11 օրով Կուբա կժամանեն բալետային արվեստի սիրահարներ ամբողջ աշխարհից։ Հավանայում հարյուրավոր մասնակիցներ 25 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Պերուից, Ճապոնիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Մեծ Բրիտանիայից, կցուցադրեն մոտ 20 ներկայացում։
«Կուբան անհավանական հարուստ է իր մշակույթով։ Սա այն քիչ երկրներից է, որտեղ կարելի է նման միջոցառում կազմակերպել»,- ասել է Կուբայի ազգային բալետի գլխավոր տնօրեն Ալիսիա Ալոնսոն։










