Կոտայքի մարզում «Վերածնունդ» խորագրով գեղանկարչական փառատոն է անցկացվում

18:48 • 29.10.14

ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն Աբովյանում մասնակցել է «Հայկական ներկապնակ» միջազգային գեղանկարչության ծրագրի շրջանակներում տեղի ունեցած «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված փառատոնը կազմակերպվել է Կոտայքի մարզպետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության ու «Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ:

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը նախ շրջել է փառատոնին մասնակցող նկարիչների համար Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում նախատեսված ստեղծագործական տաղավարներում, զրուցել արվեստագետների հետ և ծանոթացել կատարվող աշխատանքներին: 

«Վերածնունդ» խորագիրը կրող այս փառատոնի մեկնարկային օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին որպես նվիրատվություն է հանձնվել Արա Շիրազի կերտած «Հերոսիմա» բրոնզե արձանը, որը մշակութային այս օջախին նվիրել է Շիրազի թոռնուհին:

Փառատոնին մասնակցելու են 14 նկարիչներ:

Գեղանկարիչների մի մասը ստեղծագործելու են Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մեծ ցուցասրահում, իսկ նրանցից շատերն էլ 8 օր շարունակ շրջելու են Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձան-կոթողներում` կտավին հանձնելով մարզային նշանավոր վայրերի վերաբերյալ իրենց ստեղծագործական ընկալումները: Այս գործընթացի արդյունքում ծնվելու են շուրջ 50 աշխատանքներ, որոնք ցուցադրվելու են ինչպես մարզում, այնպես էլ Հայաստանի նկարիչների միության դահլիճում կազմակերպվելիք ցուցահանդեսներում:

Կոտայքի մարզում «Վերածնունդ» խորագրով գեղանկարչական փառատոն է անցկացվում