Պուտինի մասին գրքերը բեսթսելեր են դարձել Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթաժողովից առաջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին գրքերը մեծ տարածում են գտել Չինաստանում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների գագաթաժողովին ընդառաջ, որը նախատեսված է նոյեմբերի 2-րդ տասնօրյակում Պեկինում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Չինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Պեկինի խոշոր գրախանութում այժմ վաճառվում են Պուտինի մասին տասնյակ տարբեր գրքեր, որոնք գրել են չինացի հեղինակները կամ թարգմանվել են այլ լեզուներից։ Նշվում է, որ ռուսական պետության ղեկավարի բարձր հեղինակության պատճառը «ջերմ հարաբերություններն են Չինաստանի և Ռուսաստանի միջև»։
Առավելապես կենսագրական տվյալների հիման վրա գրված գրքերի ուղղվածության մասին պատկերացում տալիս են անվանումները, ինչպես օրինակ, «Պուտինի ամուր ձեռքը» կամ «Հմայիչ թագավոր Պուտինը»։ Եվս մեկ գիրք՝ «Նա ծնվել է Ռուսաստանում», որը գրել է հայտնի չինացի հրապարակախոս Չժեն Վենյանը, արդեն վաճառվել է ավելի քան 250.000 օրինակով։










