Սոֆի Լորենը նոր հուշերում ուշագրավ դրվագներ է ներկայացրել հղիանալու իր փորձերի մասին
Daily Mail-ը նոր հատվածներ է հրապարակել աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Սոֆի Լորենի նոր ինքնակենսագրականից:
Այդ հատվածներում դերասանուհին անկեղծորեն ներկայացրել է հղիանալու իր փորձերը և ձախողումները, որոնց պատճառով իրեն «թերի կին» է զգացել: Լորենը պատմել է, թե ինչպես է վիժումից հետո հիվանդանոցում հասկացել, որ իր ամբողջ աստղային կյանքը ոչինչ է այն կանանց համեմատ, ովքեր նրա աչքի առաջ մայրացել են հիվանդանոցում:
Իր փորձը շատ երկար ու դաժան է եղել. դրվագներից մեկում նա պատմում է, թե ինչպես է Հռոմից բժիշկ եկել իր հղիությունը ստուգելու: Սակայն բժշկի պայուսակից գորտ է դուրս եկել, ինչը վախեցրել է նրան: Բժիշկը բացատրել է, որ Լորենի մեզը ներարկելու է գորտին և եթե դա սատկի, կնշանակի դերասանուհին հղի է: Լորենը համաձայնել է, սակայն գորտը չի սատկել. ի վերջո նա ստիպված է եղել վռնդել բժշկին, և սարսափած՝ գորտին ջրավազանը բաց թողնել:
Նա խոստովանել է, որ 29 տարեկանից հղիանալը դարձել է իր մոլուցքը, նկարահանման հրապարակում նա փորձել է ընկերանալ մանուկ դերակատարների հետ:
Լորենը հիշել է նաև իր երկրորդ անհաջող հղիության մասին, երբ ոչինչ չէր անում՝ վախենալով, թե նորից կվիժի: Նա աշխատում էր միշտ անկողնում լինել, նույնիսկ քիչ էր խոսում:
Ընդհանուր առմամբ, նա երկու վիժում է ունեցել: Իսկ հետագայում դարձել երկու տղաների մայր՝ ի վերջո ասելով, որ մայրությունն իր լավագույն դերն է եղել:













