Մուրադ Ջանիբեկյանը Միջազգային թատերական փառատոնից Հայաստան է վերադարձել Գրան պրի մրցանակով

14:14 • 30.10.14

ՀՀ մշակույթ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 14-18-ը ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը և դերասան Արա Գևորգյանը մասնակցել են Լիտվայում կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական 9-րդ փառատոնին: Այս մասին մամուլի ասուլիսում այսօր հայտնեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:


Մուրադ Ջանիբեկյանը ցուցադրել է «Խոստովանություն»–ը՝ ըստ Միշել դե Գելդերոդեի, իսկ Արա Գևորգյանը՝ «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումը՝ ըստ Չեխովի: Մուրադ Ջանիբեկյանը նույն մոնոներկայացմամբ հունիսի 18-22-ը հանդես է եկել նաև Վրոցլավի «Վրոստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին և Հայաստան է վերադարձել Գրան պրի մրցանակով:


Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ ամեն տարի Հայաստանը մասնակցում է այս փառատոններին: Նա գտնում է, որ մասնակցության հնարավորություն պետք է շատերին ընձեռել: «Չի կարելի սևեռվել մի քանի հոգու վրա»,-ասաց նա:


ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արա Գյուրջյանը նշեց, որ Մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում են բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են միջմշակութային հարաբերության զարգացանը:


«Հայ թատրոնը ոչ միայն համահունչ է միջազգային թատրոնին, այլ նաև գնահատվում է նրանց կողմից»,-ասաց նա:


Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանբեկյանը գտնում է, որ դժվար բան է դրսի աշխարհի հետ ոտք մեկնել, առավել ևս, երբ լեզուն էլ անծանոթ է: «Ավելի դժվար է դրսի աշխարհից քո երկրի համար լավ բան բերել»,-ասաց նա:


Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գևորգյանն էլ հայտնեց, որ ներկայացումները մեծ արձագանք են ունեցել, և ինքը երեք երկրից հրավեր է ստացել:



 

Մուրադ Ջանիբեկյանը Միջազգային թատերական փառատոնից Հայաստան է վերադարձել Գրան պրի մրցանակով