ԱՄՆ-ն դիմել է Լեհաստանին Ռոման Պոլանսկու ձերբակալության պաշտոնական դիմումով
ԱՄՆ-ն դիմել է Լեհաստանին հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու ձերբակալության մասին պաշտոնական դիմումով:
Հայտնի ռեժիսորն այցելել է Լեհաստան և մասնակցել երեքշաբթի կայացած Լեհաստանի հրեաների պատմության թանգարանի մշտական ցուցադրության բացմանը, հաղորդում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է Լեհաստանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Մատեուշ Մարտինյուկը, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն:
«Լեհաստանի դատախազությունը սկսել է աշխատել այդ հարցի ուղղությամբ: Մենք ձեռնարկում ենք որոշակի քայլեր, որոնց մանրամասների մասին դեռ չենք կարող հայտնել»,- ասել է նա՝ խոստանալով մոտ ժամանակներս հրապարակել ավելի շատ տեղեկություններ:
Լեհաստանի դատախազությունը ռեժիսորի ձերբակալության և այնուհետ արտահանձնման մասին դիմումն արդեն քննարկել է 2010 թվականին, սակայն այդ ժամանակ պետությունում որոշել են, որ տեղական օրենսդրության համաձայն՝ լրացել է նրա հանցագործության վաղեմության ժամկետը:
80-ամյա Պոլանսկին 1977 թվականից գտնվում է Ինտերպոլի հետախուզության ցուցակում։ Դա տեղի է ունեցել, երբ Լոս Անջելեսի դատարանը հեռակա կարգով նրան մեղավոր է ճանաչել անչափահասի բռնաբարության համար:










