Հայաստանում Հելոուինը նշողները նույնիսկ չգիտեն` ինչի հետ է այն կապված. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
Արևմտյան արժեքներ կրելով՝ մեր երիտասարդներից ոմանք կարծում են, որ այդ կերպ իրենք դառնում են ժամանակակից, մոդեռն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը` անդրադառնալով որոշ երիտասարդների կողմից Հելոուինը նշելուն:
«Իրենք նույնիսկ չգիտեն` Հելոուինը ինչի հետ է կապված, իրականում դա մահացած հոգիների տուն վերադարձի հետ է կապված և խորքերում իռլանդական տոն է»,-ասաց նա և նշեց, որ այդ տոնը նշելը արևմտյան արժեքներից կախված լինելու արդյունք է:
«Դա, պարզապես, ձև է, ինչու՞ ենք դա անում՝ ինքներս չգիտենք: Կան երևույթներ, որոնք վերցնում ենք ուրիշներից՝ առանց դրա նպատակը պատճառաբանելու: Դա ավելի շատ՝ ձև է, քան իմաստ և բովանդակություն, իսկ այսօր մարդը դարձել է ձևակիր արժեք կրող»,-ասաց նա:










