«100 դուռ» նախագծի շրջանակներում կլուսանկարվեն Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի 100 եկեղեցիների դռներ

15:55 • 01.11.14

Ռեժիսոր, «100 դուռ» նախագծի հեղինակ Խաչիկ Եղոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսել են լուսանկարել Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի 100 եկեղեցիների դռներ:


Եկեղեցիներն ընտրում է ինքը` Մայր աթոռի խորհրդով և նախընտրում են ավելի հին եկեղեցիները: Արդյունքում Հայաստանում նախատեսված է կազմակերպել այդ լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է, թե որ եկեղեցիների դռներն են նկարված, ինչպես նաև նպատակ կա ցուցահանդեսն անցկացնել Ստամբուլում, ինչը, իհարկե, դժվար է լինելու: Հնարավոր է ցուցահանդեսն անցկացվի 2015 թ.-ի մայիսին:


«Ազգովի հնարավորություն կունենանք «պտտվել» 100 եկեղեցում և աղոթք անել, որպեսզի վերջապես ամբողջ աշխարհը` Թուրքիայի գլխավորությամբ, ընդունի Թուրքիայի կատարած ոճիրը»,- ասաց Խաչիկ Եղոյանը:


Նա հայտնեց, որ ծրագիրը սկսել է իրականացնել իր անձնական միջոցներով, քանի որ երբ դիմել է որոշ պետական այրերի, մերժել են օժանդակել, թեև ողջունել են նախաձեռնությունը:


«Սակայն եղան մարդիկ, ովքեր առանց դիմելու օժանդակեցին»,- ասաց նա և օրինակ բերեց` Արարատի մարզի Արարատ գյուղի գյուղապետ Կարեն Ղազարյանին, ինչպես նաև Գերմանիայում բնակվող մի քանի հայ երիտասարդների՝ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ, ովքեր նախատեսել են գումար փոխանցել:


Նա հայտնեց, որ արդեն հասցրել են 30 դուռ նկարել, իսկ լուսանկարիչը Ռուբեն Մարտիրոսյանն է: Ի դեպ, մեր զրուցակիցն ասաց, որ ցանկացողները կարող են միանալ ծրագրին, որոնց կտրամադրեն շապիկ, որի վրա գրված է «Մեր վերքերը դեռ բաց են», և նրանք կարող են շրջել իրենց հետ եկեղեցիներով: