Ամերիկացի 12-ամյա տղան 1 տարի է՝ կորցրել է ծարավի և քաղցի զգացումը
ԱՄՆ-ի Այովա նահանգի Վաթերլու քաղաքի բնակիչ, 12-ամյա Լենդոն Ջոնսը քաղցի և ծարավի զգացում չի ունեցել 2013-ի հոկտեմբերի 14-ից ի վեր:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` տղան նախորդ գիշերը պառկել է քնելու պիցցա և պաղպաղակ ուտելուց հետո և առավոտյան արթնանալով` կորցրել է քաղցի և ծարավի զգացողությունը: Առույգ տղան վերածվել է հիվանդ ու թույլ երեխայի, որին սկսել են տանջել անդադար գլխապտույտները:
Մեկ տարի անց Լենդոնի ծնողները, դեռևս ապշած տղայի վիճակից, որևէ պատկերացում չունեն, թե ինչ է նրան պատահել և չգիտեն` ինչպես օգնել: Տեղի և մյուս նահանգների հայտնի կլինիկաներում հետազոտվելուց հետո անգամ բժիշկները չեն կարողացել նշել նրա հիվանդության պատճառը` դա համարելով աշխարհում միակ նմանատիպ դեպքը: Ըստ բժիշկների` տղայի մոտ, հավանաբար, հիպոթալամուսի խանգարում կա: Դա ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է քաղցի և ծարավի զգացողության համար:
Տղան մեկ տարում 65 օր է միայն դպրոց հաճախել, նախընտրում է պառկել և ոչինչ չանել:













