Մոնթեի արձանը Միքելանջելոյի «Դավիթի» պես պետք է հպարտ կանգնած լինի. Լևոն Թոքմաջյան
Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը ներկայումս աշխատում է Մոնթե Մելքոնյանի արձանի վրա: Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ գրեթե պատրաստ են արձանի էսքիզները, որոնք առաջիկայում պետք է ներկայացնի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խորհրդակցելու համար:
«Ամբողջ հասակով մեկ եմ ուզում քանդակել ու երևի 2-ից 2.5 մետր բարձրությամբ քարե արձան կլինի: Մարտունիում նրա կիսանդրին եմ արել, դրա համար հիմա ամբողջ հասակով եմ ուզում: Մոնթեին պատկերելիս Միքելանջելոյի Դավիթն է մտքիս գալիս, գուցե խիստ եմ ասում, բայց ուզում եմ, որ Մոնթեն Դավիթի պես հպարտ, ինքնավստահ կանգնած լինի»,– ասաց նա:
«Ես հիմա նորովի եմ ուզում մոտենալ Մոնթեին, թողնելով նախկինում քանդակածներիս պատմությանը, այսօր մարդկանց ճաշակը փոխվել է, քանդակային մտածողությունն է փոխվել: Ուզում եմ՝ լինի գեղեցիկ քանդակ՝ ծավալները հախուռն, ոչ թե նստեմ թևի ծալք քանդակեմ կամ մազ սարքեմ, ոնց որ հիմա անում են»,- ավելացրեց նա:
Լևոն Թոքմաջյանը նշեց, որ Մոնթեի արձանը կերտելու մրցույթ չի հայտարարվել, ինքն է նախաձեռնել և ֆինանսական միջոցներ էլ չի փնտրում, որպեսզի որևէ մեկից կախում չունենա: «Հենց փող տվող գտա, գալու է գլխիս կանգնի, արագացնի, իսկ ես հանգիստ աշխատում եմ»,-ասաց նա:
Լևոն Թոքմաջյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ արձանը պատրաստ կլինի հաջորդ տարի, մինչ այդ քանդակագործը հարմար տեղ է փնտրում քանդակի տեղադրման համար:
«Ինձ թվում Աջափնյակում մի հանգիստ տեղ կարելի է կանգնեցնել, որտեղ մարդիկ կարող են գալ նստել, նայել: Իմ կարծիքով շատ հարմար տեղ է Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգին»,-ասաց նա:










